Քննարկվել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Հոկտեմբերի 14-ին Վահան Քերոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովային, որը հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահն է։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Վահան Քերոբյանը նշել է, որ հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և մեծ ներուժ կան։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ հոկտեմբերի 15-ին կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար՝ Մարտինա Տաուբերովան նշել է, որ չեխական կողմը պատրաստ է քննարկելու և նախանշելու այն ուղղությունները, առաջնահերթությունները, որոնց իրականացմամբ կհաջողվի ավելի ընդլայնել առկա համագործակցությունը։ Նա խնդրել է նախարարին ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունները ու խնդիրները և առաջարկել իրենց օժանդակությունը այդ խնդիրների լուծման հարցում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը, նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ ոլորտներում, տրանսպորտի, գիտական, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Նախարարն առաջարկել է դիտարկել դեղագործության, ոսկերչության, քիմիական արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում գործունեություն ծավալելու հնարավորությունները։  

Չեխական կողմն իր հերթին նշել է տրանսպորտի, մետրոյի շինարարության, վերականգնվող էներգետիկայի, տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հաջողված ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնել կիսվելու փորձով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ, նախանշել հետագա քայլերը՝ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։

--00--ԱՀ