Արցախում վիրավորվածների վիճակը կայուն է․ նրանցից մեկը կտեղափոխվի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցներից հրազենային վիրավորում ստացած վեց զինծառայողների առողջական վիճակին:

Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արթուր Ջալավյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր կայուն, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երկուսինը՝ բավարար:

Բուժումները ստանում են համապատասխան բաժանմունքներում և հիվանդասենյակներում:

ԱՀ պետնախարարն անդրադարձել է այն ապատեղեկատվությանը, թե զինծառայողների շրջանում զոհ ունենք, և կոչ արել հանրությանը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրեր տարածելուց:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ միջադեպը պետք է դիտարկել որպես ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ պահվածք, լկտի վերաբերմունք Արցախի խաղաղ բնակավայրի նկատմամբ: 

Մարդու իրավուքնների պաշտպանի համոզմամբ աշխարհի պետությունները Արցախի նկատմամբ ցուցաբերած անտարբերությամբ ուղղակի խորտակում են միջազգային իրավունքի հանրաճանաչ դրույթները և սնանկացնում են մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը և ձևավորված աբողջական իրավական բազան:

--00—ԼՄ