Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Քաղաքական

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները: Դա ձեռնտու է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է

ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:

Ավելին, մոտ 10 ամիս առաջ քննիչ Չիլինգարյանը պարոն Օհանյանին առաջարկել է համաձայնության դեպքում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:

Բնականաբար, պարոն Օհանյանը հրաժարվեց, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:

Դրանից հետո պարոն Օհանյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ: Հոկտեմբերի 18-19-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստը, որին պետք է մասնակցի նաև պարոն Օհանյանը: Այդ կապակցությամբ քննիչ Բ. Չիլինգարյանին միջնորդություն եմ ներկայացրել ժամանակավորապես վերացնել սահմանահատման արգելքը, ներկայացնելով նաև Ազգային ժողովի նախագահի կողմից տրված տեղեկանքը` Վեհաժողովի ու պարոն Օհանյանի մասնակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, նշել եմ, որ Վեհաժողովին պարոն Օհանյանի մասնակցությունը բխում է Հայաստանի պետական շահից:

Քննիչ Չիլինգարյանը, միջնորդությունը մերժել է, ըստ էության ընդգծելով այն միտքը, որ ճիշտ է քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են և պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքը կանխատեսում է, որ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնելուց հետո պարոն Օհանյանը չի վերադառնա և կթաքնվի այն գործով քննությունից, որով չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իսկ թե ինչու է քննիչը նման բան կանխատեսում, իր` իմ գնահատմամբ անհեթեթության գլուխգործոց որոշման մեջ նշված չէ:

Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, Գեներալ գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում ոտքն է կորցրել, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, գործող քաղաքական իշխանությանն ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ` «Հայաստան» խմբակցության ղեկավարն է:

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները:

Դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ամոթ:

Հ.Գ.

Չեմ բացառում, որ քննիչ Չիլինգարյանը ոչ թե Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով արգելեց պարոն Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, այլ իր անձնական շահերից ելնելով, որպեսզի անձի, պատգամավորի կյանքը դժվարացնող նման սահմանափակումների ու ճնշումների միջոցով պարոն Օհանյանից կորզի համաձայնություն` անհիմն ու շինծու քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու համար:

Ամեն դեպքում` ամոթ:

Հ.Գ.Գ.

Քննիչի մերժման որոշումը ստացել եմ երեկ: Երեկ էլ այն բողոքարկել եմ դատախազին: Դեռ կարճ, բայց ժամանակ կա ամոթալի ապօրինությունը դադարեցնելու համար»,- գրել է նա:

--0--ԿԿ