Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու հանգամանքը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Փայլանը մասնավորապես նշել է. «Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, որ Հրանտ Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Եվ չնայած բոլոր այս տեսագրություններն առկա են, ներկայացվել են դատարանին՝ 12 տարի է պետությունն այս մարդկանց՝ անվտանգության աշխատակիցներին, չի կանգնեցրել արդարադատության առաջ։ Ում էլ որ կանգնեցրել է, չի դատապարտել ու ազատ է արձակել»։

Գարո Փայլանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ պետությունը մշտապես փորձել է այս սպանությունը բարդել մերթ «Էրգենեկոն» խմբավորման, մերթ Գյուլենականների վրա։ Սակայն իրականությունն այն է, որ այն հենց պետությունն է կազմակերպել և խրախուսել այն, և բոլոր անձինք, ովքեր առնչություն են ունեցել Դինքի սպանությանը, պետական բարձր պաշտոններ են ստացել։

Հայ պատգամավորը արտահայտել է այն համոզմունքը, որ սպանության գործը կոծկողները և չբացահայտողները մասնակից են դառնում այդ սպանությանը։