Արտադրամասին պահակը գողության պահին սրտի կաթված էր ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30 սահմանում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր է շտապել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերել են պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին, կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված է եղել գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ են եղել: Աղջիկն է նրան գտել այդ վիճակում:

Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ են արել: 
Դիակն ուղարկվել է փորձաքննության:
Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել:

Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չեն նկատվել: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր:

Ավելի ուշ ստացվել է նաև դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետևանքով, այլ սրտի կաթվածից:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետևանքով մոտ 5 մետր բարձրությունից ընկել և մահացել է:
Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գաբրիելյանը հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը: 
Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս