Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

սիգ

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։ Այս մասին իրազեկում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

«Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը» ,-ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։

--00--ԱԹ