«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Տնտեսական

Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև քննարկումներ գործող ԱԷԿ-ի վիճակի և նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների շուրջ:

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստան կայցելի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը։

Ըստ այցելության նախնական ծրագրի՝ Լիխաչովի և նրա պատվիրակության այցը կկայանա նոյեմբերի առաջին օրերին։ Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026 թ․-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։

Նախատեսվում են նաև «Ռոսատոմի» ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
Մասնավորապես, այս տարի կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետները նախագծել և իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը:

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը գնելու մասին, որի մեկ քառորդը (այսինքն՝ ընդհանուր փաթեթի 15%-ը) փոխանցել էր Հայաստանի կառավարությանը: Շատերը սա համարում են Հայաստանի պատմության ամենամութ գործարքը։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընկերության տնօրինությունը ՀՀ կառավարությանն առաջարկ է արել, որի քննարկման արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին։

Նրա խոսքով` այդ առաջարկը ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը` պղնձաձուլարանի կառուցում, ինչը նշանակում է, որ ՀՀ–ն այլևս ոչ թե խտանյութ պիտի արտահանի և ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ, այլ ՀՀ–ում պետք է թողարկվի պղինձ, երկրորդը` այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։

--00--ԿԿ