Քոչարյանից բացի, «Մարտի 1-ի» գործով պետք է ներգրավվի նաև մյուս կողմը․ Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News 

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկու ամսով երկարաձգումն ակնկալվում էր։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Եթե երկարացվում է կալանքի ժամկետը, ապա նախաքննական մարմինը պետք է կատարի որոշ գործողություններ։ Ես ունեմ հիմնավոր կասկած, որ ոչինչ չի արվում»,- նշեց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանից բացի, «Մարտի 1-ի» գործով պետք է ներգրավվի նաև մյուս կողմը։

«Դա իրավաբանական տրամաբանությունից դուրս է, քանի որ բախումը չի կարող տեղի ունենալ առանց երկրորդ  կողմի։ Հենց առաջին նախագահի կողմը պետք է շահագրգռված լիներ, թեկուզ որպես վկաներ, մասնակցել այդ գործողություններին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ արդար դատավարության իրավունքի ոտնահարման առումով Քոչարյանի գործը գնալու է ՄԻԵԴ։ Մինչդեռ դա այն գինը չէ, որը պետությունը պետք է նորից վճարի իր անփույթ, ոչ հետևողական աշխատանքի պատճառով։