Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է պատերազմից հետո տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

․

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերին:

Առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի համար իրականացվող «Թվինինգ» ծրագիրը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին և կավարտվի 2022 թ. ձմռանը:

--00--ԱՀ