ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը մշակման կենթարկվի․ նախարարն այցելել է ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։

ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Այսօր արդեն վստահ կարող ենք ասել՝ առաջին քայլերն արդեն արված են։

ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց է նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։

ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով, որով փորձագետներն այցելում են փորձաքննության
ենթարկվող տարածքներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք։

Նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։ Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կլինեն ժամանակավոր հաստիքներ։

Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը,
ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը միջազգային իրավական չափորոշիչներին։

Նոր օրենքով հստակեցվում և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝ ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։

Նախարարն իր հանդիպումների ընթացքում բազմիցս է նշել, որ ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր լավ աշխատանքով պետք է փարատել այդ մտահոգությունները։

Նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։ 2021 թվականի հունվար ամսից մնչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։

Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։

«Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությւնների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»,-նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանը գործընկերներին հիշեցրել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին. ՊՈԱԿ-ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։

--00—ԼՄ