Բոլորի պարտքն է աջակցել կրթական նախաձեռնություններին և ընդլայնել գիտակրթական գործիքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 22-ին ՏՏ ոլորտի վեց առաջատար ընկերություններ (Picsart, Krisp, Armenian Code Academy, SoftConstruct, PMI, HiLearn) մասնակցեցին «Այբ» կրթական հիմնադրամի և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի նախաձեռնած ForMath մաթեմատիկայի և տրամաբանության մրցույթին։ Եվս երկու ընկերություն (Ameriabank, ServiceTitan Armenia) իրենց ներդրումն ունեցան նախաձեռնության դրամահավաքային փուլում։ Հաղթող ճանաչվեց HiLearn ընկերությունը։ Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից։

Մրցույթի նպատակը «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի մաթեմատիկայի հայալեզու նյութերը հարստացնելն ու դրանց անվճար հասանելիությունն ապահովելու համար ռեսուրսների հավաքագրումն է: Գրանցման փուլում ստացված անդամավճարներն ամբողջությամբ ուղղվելու են «Քան» ակադեմիայի հարթակում ավագ դպրոցի մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը։

Այս նոր ձևաչափի շնորհիվ ՏՏ ընկերություններն իրենց համատեղ ներդրումն ունեցան Հայաստանում կրթական հնարավորությունների բազմապատկման մեջ։ Հենց այս գաղափարի շուրջ իրենց բացման ելույթները կառուցեցին միջոցառման խոսնակները։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հույս ունի, որ նման կարևոր գործի նվիրված նախաձեռնությունը շարունակականություն կստանա և կնպաստի կրթության հանդեպ նվիրվածությամբ առաջնորդվող մարդկանց համայնքի ձևավորմանը։ Միջոցառումը հյուրընկալած PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը կարծում է, որ բոլորի պարտքն է աջակցել նման կրթական նախաձեռնություններին ու այսկերպ ընդլայնել գիտակրթական գործիքները, իսկ յուրաքանչյուր մասնակից կազմակերպության համար սա նոր գործընկերային ցանցի մաս դառնալու հրաշալի հնարավորություն է։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը կարևորում է կրթական գաղափարի շուրջ այսքան ընկերությունների միավորումն ու գործընկերությունը, որից, իր հերթին, շահելու են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ։ Սա նման ձևաչափով «Այբ»-ի առաջին նախաձեռնությունն է, որը կարող է հանուն կրթության ֆոնդահայթայթման նոր ավանդույթ ձևավորել։

Միջոցառման մասնակից ընկերություններն՝ իրենց չորս հոգանոց թիմերով, վառ օրինակը դարձան նրա, ինչին պետք է ձգտի այս ոլորտում հաջողել ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ։ ՏՏ առաջատար ընկերությունների միավորվումը կրթությանն ուղղված ֆոնդահայթայթման նախաձեռնությունում պատահական չէ. սա այն կարևոր ոլորտներից է, որտեղ մաթեմատիկայի լավ իմացությունն ու գիտելիքի դերն առավել տեսանելի են։

Հիշեցնենք, որ մրցույթն անցել է միջոցառման աջակից Ֆիլիպ Մորրիս Արմենիայի՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնում։ Նախաձեռնությունը բխում է 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր ապահովելու «Այբ» կրթական հիմնադրամի ստանձնած առաքելությունից։

--0--ԿԿ