Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։

Նշվում է, որ դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

--00--ԱՀ