Ադրբեջանցիները կուտակվում են ձորում, ինժեներական աշխատանքներ անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Շուռնուխ

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում իրավիճակը նույնն է՝ ամեն օր ստիպված են լինում տեսնել ադրբեջանական դրոշները ու թշնամուն՝ տեղակայված իրենց գյուղում։

«Վիճակը նույնն է, թուրքերը իրենց տեղը վեր ընկած են, այնպես չէ, որ ագրեսիվ շարժումներ են անում՝ իրենց տեղը լռված են»։

Արշակյանն ասում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ամրապնդվել։ Գյուղում տեղյակ են, որ թշնամու կողմից կուտակումներ էլ կան, սակայն իրենք դա չեն տեսնում։

«Իրենք աշխատանքները կատարում են։ Անզեն աչքով էլ նայում ես ու հասկանում, որ շինարարություն են անում, ամրապնդում են իրենց տեղը։ Կուտակումներ կան։ Իրենք ընդհանուր կուտակվում են ձորում, որը անտեսանելի է մեր կողմից»։

Արշակյանը երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, որի մի հատվածում ադրբեջանական կողմը անցակետ է տեղադրել։ Ժամը մեկ կուտակվում են մեքենաները ու նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Ասում է՝ այդ հատվածով անցնելիս միայն զզվանք է ապրում։

«Ցանկացած մարդ զզվանք է ապրում դրանց ագրեսիվ պահվածքից։ Ինչքան էլ սովորական քաղաքացի է անցնում, իրեն պետք է լարված զգա, որովհետև անխուսափելի է չտեսնել դրանց կանգնած դիրքը, ձևը։։ Ճանապարհի մեջտեղը կանգնում են, պետք է գաս, շրջանցես, որ իրենց չխփես ու անցնես։ Մոտավոր մեկ ժամը մեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, շարասյունն ուղեկցում է բնակիչներին։ Հավաքվում է մոտ 20-30 մեքենա, էդ հատվածը ռուսը պետք է անցկացնի»։

Արշակյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում ադրբեջանցիները ևս ակտիվ շինարարություն են անում։ Ըստ ամենայնի՝ շուտով կհաստատվի տեղեկությունը, որ բենզալցակայան են կառուցում։

«Տեսանելի է բոլոր անցորդների համար։ Անցակետը կա, կալոնկայի նման շինարարությունը կատարում են։ Կարողա վերջում կալոնկա չլինի, անունը դնեն ուրիշ բան, բայց, այո, դա կալոնկա է»։

Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին, ըստ խոստումների, կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհ: Սակայն, Արշակյանը մտավախություն ունի, որ գործող մայրուղին կարող է չշահագործվել ու խնդիրներ առաջացնել։

«Եթե մայրուղին չօգտագործվի, Քարահունջ-Գորիսը մնում են աջ հատվածում։ Եթե նույն ճանապարհով պետք է գա, Շուռնուխով իջնի, Որոտանով բարձրանա Խոտ գյուղով գնա, ես մտածում եմ, որ Գորիսը ու Քարահուջը մնում են աջ թևի վրա ու կամաց-կամաց բիզիմդիր կլինի, ես ինչ իմանամ»։

Արշակյանը չի բացառում նաև, որ ճանապարհի այլ հատվածներում ևս ադրբեջանցիները կարող են անցակետ տեղադրել, հատկապես այն պարագայում, երբ ամիսներ առաջ մայրուղին մի քանի օրով փակել էին երեք տարբեր կետերից։ Կարծում է՝ նպատակն է մայրուղու վրա վերահսկողություն վերցնել։

«Դա իրենց սկզբունքն է, ամեն ինչ երևում է։ Մարդ ինչքան էլ հիմար լինի, պետք է հասկանա, թե իրենք ինչ են ուզում անեն։ Ճանապարհը իրենցով են անում։ Մանավանդ Քարահունջ-Որոտան հատվածը։ Չասեմ, որ Շուռնուխի ամբողջ տարածքի մայրուղին իրենց վրա են վերցնում, GPS-ով իրենցն է դառնում»։

Գյուղացիները հիմա առօրյա կյանքով են զբաղված։ Գյուղից հեռացողներ չկան, բայց խնդիրը, ըստ Արշակյանի, նրանում է, որ գյուղացին կամաց-կամաց համակերպվում է այդ մտքի հետ ու ամեն ինչ արվում է փուլ առ փուլ, որպեսզի խնդիրը կրիտիկական կետին միանգամից չհասնի։

Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 11 ձի անցել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն մինչև օրս դրանք այդպես էլ հետ չեն վերադարձվել, իսկ տուժածին փոխհատուցում չի տրվել։

«Ադրբեջանցիները երբեք չեն հաստատում, միշտ ասում են՝ չկա, կգտնենք, կվերադարձնենք, իսկ կովերն էլ, ձիերն էլ, անցնում են իրենց վերահսկողության տակ։ Ամեն դեպքում տեղեկացված են՝ և՛ ԱԱԾ-ն, և՛ սահմանապահ զորքերը գիտեն։ Ներկայացված է մարզպետարան, գերատեսչական խմբի ղեկավարին, կարծում եմ փոխհատուցում կկատարվի»,- ասաց Արշակյանը։

--00--ԱԹ