41-ամյա տղամարդուն սպանել էր, մի ականջը կտրել, մյուսը՝ վնասել․ մեղադրյալը կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում տեղի է ունեցել սպանություն։ Հրազենով սպանվածը 41-ամյա Գարուշ Մ.-ն էր, ականջներից մեկը կտրել, մյուսն էլ վնասել: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Կամո Ք.-ն։ Նա սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Կամո Ք.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 18-ին նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, գիտակցության չգալով,  մահացել է։

Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։