Քննարկվել է միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները աղբից մաքրելու հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

մարզպետարան

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքներին: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

«Քննարկվեցին համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման հետ կապված խնդիրները։ Ինչպես զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը՝ նկատված թերությունները շտկելու համար շինարարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որի համար սահմանվել են նաև հստակ ժամկետներ։ Քննարկվեցին նաև միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները կենցաղային աղբից մաքրելու, համավարակի դեմ պայքարի միջոցառումների կատարման, սուբվենցիոն նոր ծրագրերի կազմման նպատակով համայնքապետարանների հետ համագործակցության, համայնքների խոշորացման քաղաքականության թեմայով հանրային քննարկումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Անդրադառնալով հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցության արդյունքներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Օմսկի մարզի ներկայացուցիչների հետ՝ տարեվերջին Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև տնտեսական համագործակցություն հաստատելու ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետը ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց մարզպետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հարցը՝ առաջարկելով գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան համակարգում կառավարման նոր մոդելների ներգրավմամբ ավելի արդյունավետ դարձնել փաստաթղթաշրջանառությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ»,- հայտնում են մարզպետարանից:

--00--ԱԹ