Ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արցախ

Լեռնային Ղարաբաղի գրեթե 150 հազար բնակիչներից պատերազմից հետո վերադարձել կամ տեղում մնացել է մոտ 120 հազարը։ Այս մասին ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ դա լավագույն ցուցիչն է այն մեծ վստահության, որ տեղի ժողովուրդն ունի առաջնահերթորեն ռուս խաղաղապահ զորակազմի նկատմամբ։ Դա նաև ցույց է տալիս մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ նույնիսկ նման դժվար պայմաններում ապրելու և արարելու սեփական հայրենիքում:

«Ավելին ասեմ՝ չնայած ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին և ռազմական ու հոգեբանական ճնշումներին՝ առ այսօր միգրացիոն սալդոն դրական է: ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանվածների մեծ մասը Արցախ վերադառնալու ցանկություն ունի, պարզապես ազատ բնակֆոնդի սղության պատճառով դեռևս չեն կարողանում գալ»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության երաշխավորությամբ Արցախ վերադարձածների թվի ու նրանց տրամադրվածությունների մասին հարցին:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայության ժամկետներին ու արցախահայության անելիքներին՝ պետական նախարարը նշել է, որ պետք չէ 4 տարին դիտարկել՝ որպես ճամփաբաժան, քանի որ, համոզված է, որ ռուս խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգվելու է, որովհետև հակամարտությունը չի կարգավորվել և Ադրբեջանն էլ շարունակում է Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը:

«Ուստի, քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը և մեր բնակչության միաձայն ցանկությունը խաղաղապահների կողմից անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ ստանալու առումով, կարծում եմ, նրանց դուրս գալու հարցը չպետք է նույնիսկ քննարկվի: Մեր բնակչության ցանկությունը և անվտանգային կարիքները առաջնահերթ գործոններն են խաղաղապահների երկարաժամկետ մանդատի հարցի որոշման համար:

Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ այս հակամարտությունը հավերժ չի տևելու, և պատրաստ ենք դրա քաղաքական կարգավորմանը՝ մեր իրավունքների ու շահերի լրիվ հաշվի առնմամբ և Ադրբեջանի կազմում երբևէ չլինելու անառարկելի նախապայմանով: Տեսնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումներն ու գործողությունները և նրանց մոտ տիրող հայատյաց խորը տրամադրությունները՝ գիտակցում ենք, որ հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորումը կարող է հնարավոր դառնալ միայն տասնամյակներ անց: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները արժանի են ապրելու խաղաղ ու արժանապատիվ պայմաններում իրենց հայրենի հողում»,- ասել է Բեգլարյանը:

--00--ԿԿ