ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Ազգային ժողովում ընթանում էր խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանը, երբ նիստերի դահլիճ մուտք գործեց զինված մի խումբ և կրակահերթ բացեց պաշտոնյաների ուղղությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավոր էր։
Ահաբեկչական խումբը պատանդ վերցրեց նաև 91 անձի՝ պատգամավորների և նիստը լուսաբանող լրագրողների։ Վերջիններիս որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս թողեցին վիրավոր պատգամավորների ու կառավարության անդամների հետ։
Պատանդ մնացած անձինք ազատ արձակվեցին հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ըստ այդմ՝ 7 ոճրագործներից 6-ը դատապարտվեց ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին, պարագլուխը՝ լրագրող Նաիրի Հունանյանը։ Նա ցայսօր անազատության մեջ է։
Հոկտեմբերի 27-ի դեպքը երկու տասնյակից ավելի տարիներ անց դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Հայտնի չեն ոճրագործության պատվիրատուների անունները։
--00—ԼՄ