Երևանում համայնքային հողատարածքի զավթման 15 դեպք է հայտնաբերվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գրության հիման վրա ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության աշխատակիցները, իրենց վերապահված գործառույթների շրջանակում, 2020-2021 թթ. ընթացքում Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում հայտնաբերել են ինքնակամ կառուցապատման, համայնքային հողատարածքի զավթման 15 դեպք, որոնց վերաբերյալ վարչության կողմից պատրաստված նյութերը և փաստերը հավաստող լուսանկարներն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ իրավասու պաշտոնատար անձանց և ստորաբաժանումների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, մինչդեռ ինքնակամ շինարարական աշխատանքները շարունակվել և հասցվել են ավարտին։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և թվարկված վարչական շրջանների աշխատակազմերի իրավասու պաշտոնատար անձինք, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, բավարարվելով միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառմամբ՝ մի շարք դեպքերում դիտավորությամբ չեն կիրառել վարչական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցը, ինչպես և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն կասեցրել ինքնակամ կառուցապատման աշխատանքները և չեն վերացրել դրանց հետևանքները:
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։

 --00—ՄՀ