ԿԳՄՍ նախարարը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: 

Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է:

Նշվել է, որ նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2021 թվականի մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի համապատասխան որոշմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով այն ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:  Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին և ներկայացվել հանրային քննարկման:

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և ռեկտորների ընտրության հարցերին: Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ աշխատանք:

Հանդիպման հաջորդ հարցը վերաբերել է բուհերում առցանց ուսուցման անցնելու գործընթացով պայմանավորված հնարավոր խնդիրների քննարկմանը: Այդ համատեքստում նախարարը բուհական և գիտական հանրությանը՝ ի դեմս ռեկտորների, հորդորել է անմասն չմնալ և պայքարել հակապատվաստումային քարոզչության և հակագիտական երևույթների դեմ:

Հանդիպմանն արծարծվել են նաև ասպիրանտուրայի ընդունելությանը, բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: Քննարկման մասնակիցները կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:

--00—ՄՀ