Կաթողիկոսն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

կաթողիկոս

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և հայ ակադեմիկոսների:

Ակադեմիկոս Սերգեևն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին  ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելության շրջանակներում լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։ Հանդիպմանն Ալեքսանդր Սերգեևը խոսեց ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի միջև առկա համագործակցային մթնոլորտի և ապագա հեռանկարների մասին: 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, իր ուրախությունը հայտնեց, որ խորհրդային տարիներից առկա փոխգործակցության ոգին նոր շունչ և թափ է ստանում՝ նպաստելով ժամանակակից մարտահրավերների դիմագրավմանը: Անդրադառնալով գիտության զարգացման հրամայականին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց երիտասարդ գիտնականների քաջալերումը գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ արձանագրելու համար: 
Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և ՀՀ ԳԱԱ-ի գործակցությանը՝ Վեհափառ Հայրապետը փաստեց, որ գիտության զարգացումը մշտապես եղել է Եկեղեցու ուշադրության և հովանավորության ներքո։  

 --00—ՄՀ