3+3»-ի նախաձեռնողը Թուրքիան է, նպատակ ունի Հայաստանին ու Վրաստանին կախվածության մեջ դնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Քաղաքական

«3+3» ձևաչափի նախաձեռնությունը գալիս է Թուրքիայից և դե յուրե, արդեն ոչ ֆորմալ առումով, ամրագրում է Թուրքիայի ազդեցության ավելացման գործոն տարածաշրջանում։ 
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Վեցնյակ» հարթակին կամ «3+3» ձևաչափին, որին որպես մասնակից պետություններ դիտարկվում են տարածաշրջանային պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։

«Թուրքիան ժամանակին մի նպատակ ուներ՝ փորձել տեղավորվել Արցախի շուրջ բանակցային պրոցեսում և ուղղակիորեն փորձում էր տեղավորվել Մինսկի ֆորմատում, որպեսզի կարողանա իր և իր դաշնակից Ադրբեջանի շահերն այնտեղ առաջ տանել իր դերակատարումն ուժեղացնելու համար։ Այդ փորձերը, սակայն, ապարդյուն էին անցնում։ «3+3» ֆորմատը Թուրքիայի ավելի լայն նպատակների համար է։ Եթե մինչ վերջերս Ռուսաստանն էր շատ դեպքերում դեմ լինում, որպեսզի Թուրքիայի գործոնն ավելանա,  ապա հիմա մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զգալիորեն աճել է նախևառաջ նաև Ռուսաստանի գործոնի նվազման պատճառով, ոչ թե թողտվության», - նշեց Հակոբյանը։ 

Վեց պետությունների մասնակցային ձևաչափով հարթակի [նաև «Վեցնյակի հարթակ»] ձևավորումն առաջարկել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը՝  այս թեմայով հայտարարություններ անելով  2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո համատեղ մամուլի ժամանակ։ 

Ըստ Հակոբյանի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի քաղաքական, ռազմաքաղաքական, առավել ևս տնտեսական և բիզնես հարաբերություններ և, ի թիվս հակադրությունների, նաև շահերի սակարկության մեծ բազա։ «Ռուսաստանը ստիպված է հրապարակայնորեն աջակցել Թուրքիայի այս ծրագրին։ Մի քիչ վստահ չեմ, որ այս ֆորմատն ի կատար կածվի, գործն իմպլեմենտացիայի կհասնի, որովհետև, այնուամենայնիվ, անգամ այն երկրները, որոնք ֆորմալ առումով դեմ չեն, այնքան բազմաթիվ վերապահումներ ունեն, որ նախագծից մինչև իրագործում կարող է բավական պրոբլեմատիկ ժամանակաշրջան լինել»։ 
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը գործոն էր, երբ «երկիր էր, որը պատերազմում հաղթանակած էր և ստրատեգիական նշանակության տարածքներ էր վերահսկում»։

«Հիմա, երբ Հայաստանը կորցրել է իր այդ կարգավիճակը, որևէ շահելու հեռանկարներ չի ունենալու որևէ հարցում։ Նույնիսկ այն  ծրագրերը, որոնք Հայաստանի իշխանությունները հրապարակում են և ազդարարում, որ Հայաստանը «սկսում է խաղաղության դարաշրջան», «խաղաղության պլատֆորմ» և այլն, չի ենթադրում, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի բանում նախաձեռնող լինել, առավել ևս տարածաշրջանային լուրջ ծրագրեր իրականացնել՝ կապված պատերազմի կամ խաղաղության հետ», - եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքերով՝ տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ այս պլատֆորմի գաղափարը նոր չէ։ «Գաղափարն առաջարկվել է դեռևս 2008 թվականին՝ ռուս-վրացական էսկալացիայից հետո, երբ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլն առաջարկեց ստեղծել պլատֆորմ տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ՝ բացառելու հնարավոր էդպիսի հակամարտությունները և նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը, բարգավաճմանը, ռազմաքաղաքական, տնտեսական, հասարակական համագործակցությանը։ Այդ ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվեց նաև այդ հայտարարություններից հետո, բայց ուղղակի համընկավ այդ ժամանակահատվածի հետ», - պարզաբանեց Իսպիրյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիան փորձելու է լինել «ազդեցություն ունեցողը» մասնակից երկրների վրա։ «Գաղափարը երկար ժամանակ չի դրվել շրջանառության մեջ, և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո, երբ արդեն խոսք էր գնում խաղաղության համաձայնագրի, հարաբերությունների կարգավորման հնարավոր տարբերակների մասին, Թուրքիան կրկին օրակարգ բերեց «3+3» ձևաչափը ստեղծելու հարցը, կրկին նույն տրամաբանությամբ, սակայն այն ժամանակ տարածաշրջանում ուժերի դասավորվածությունն այլ էր»։

Իսպիրյանի խոսքերով՝ Հայաստանը հիմա բավականին խոցելի և անբարենպաստ վիճակում է՝ ի տարբերություն 2008-ի։ «Հաշվի եմ առնում 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ մեր կորուստները։ Թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով ոչ նպաստավոր դիրքում ենք գտնվում։ Թուրքիայի նպատակն է Հայաստանի այս վիճակն օգտագործելն է իր ազեցությունը մեծացնելու, իրենից կախվածության մեջ գցելու համար։ Իհարկե, ոչ միայն Հայաստանին, Վրաստանում որոշակի ազդեցություն ունի Թուրքիան այդ ազդեցության լծակները մեծացնելու համար է անում։  Ադրբեջանն, ինչպես տեսնում ենք, դարձել է Թուրքիայի կցորդը պատերազմից հետո։ Ադրբեջանն այս գաղափարի ստեղծողներից չէ, ուղղակի դրա մասնակիցներից մեկն է, որը կրկին Թուրքիայի նպատակներին է ծառայելու», - ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա թուրքագետի կարծիքով՝ Թեհրանն արձագանքում է հասկանալու համար, թե ինչ է կատարվելու, որպեսզի տարածաշրջանային զարգացումներից դուրս չմնա։ «Քանի որ գիտե՞նք չէ, Իրանը շրջափակման մեջ է, պատժամիջոցներ և այլն, չի ուզում հնարավոր նախաձեռնությունից դուրս մնալ»։ 
«Իսկ Ռուսաստանը, բնականաբար, ունի ուղիղ հետաքրքրվածություն Հայաստանի, Ադրբեջանի ուղղությամբ, Ռուսաստանի ազդեցությունն է, այսպես ասած, որոշիչը։ Եվ ինքը, զուտ դրական արձագանքելով Թուրքիայի հայտարարությունը, փորձում է այդ հնարավոր պլատֆորմը ծառայեցնել իր շահերին՝ անկախ Թուրքիայի առաջարկած լինելու հանգամանքից։ Սրանով Ռուսաստանը կփորձի նաև հնարավոր տարբերակներով Վրաստանին ինչ-որ չափով իր ազդեցության գոտի բերել։ Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ գիտենք, որ Վրաստանը լրիվ պրոարևմտյան, պրոեվրոպական ուղղվածության է, և «3+3»-ի գլխավոր խոչընդոտը հենց Վրաստանն է», - եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

--0--ԿԿ