Ադրբեջանցիները կրակել են Շուշիի մոտ աշխատող մարդկանց ուղղությամբ. կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:  Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում է: 

--00--ԱԹ