ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ոչ միայն կարող են, այլև պարտավոր են այցելել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

էդմոն

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կուսակիցների հետ Արցախ այցից և կից գրառում արել։

«Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը դատապարտել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախ՝ որակելով այդ քայլը սադրանք եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի նախօրեին։ Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը «զգուշացրել» է, թե «Արդբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»։

Սա հիշեցրեց հունվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն Արցախ, որից հետո Բաքուն նույնկերպ հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնատար անձինք չպետք է այցելեն Արցախ, ինչի հաջորդ օրը մենք կազմակերպեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցն Արցախ։

Բնականաբար, Ալիևն ու նրա ենթականերն ամեն առիթ օգտագործելու են նմանատիպ հայտարարություններ տարածելու համար, սակայն մենք չպետք է ապրենք նրանց սահմանած կանոններով և պետք է կարողանանք, երկիրն ու բանակն ամրացնելով, մեր տրամաբանությունը թելադրել ու առաջ տանել։

Որքան զիջենք, այնքան մեզ ավելի են հետ մղելու։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են այցելել Արցախ։

Տեսանյութում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակության ավտոշարասյունն է 08 հունվարի 2021 թ.»:

--00—ԼՄ