ՔՊ-ն պետք է կամ հայտարարի, որ իրենց դավանած արժեքները կեղծ էին, կամ ընդունի՝ փոխել են հայացքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Քաղաքական

Եթե կրթության նախարարությունն այս իշխանության ներկայացուցիչներով է լցված, միայն ԵՊՀ-ում անելով լոկալ իշխանափոխություն՝ միևնույն է, հնարավոր չի լինելու աշխատել։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Երևանի պետական համալասարանում ստեղծված իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Մելքոնյանի խոսքերով՝ ՔՊ-ականները հիմա անում են նախկինում իրենց համար «անթույլատրելի» և իրենց կողմից քննադատված քայլերը։ «Այն ուժը, որը հայտարարում էր, որ դեմ է բուհերի կուսակցականացմանը և հայտարարում էր, որ նախկինում ԵՊՀ-ի խորհրդում ընդգրկված էին կուսակցականներ, քաղաքական գործիչներ.  խորհրդի նախագահը ՀՀԿ-ի և երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էր, ինչը համարում էին անթույլատրելի», - նշեց նա։  

«Հիմա ԵՊՀ խորհրդում կրկին կուսակցական, ՔՊ-ական գործիչներ, քաղաքական գործիչներ կան, կրկին այս իշխանությունների համար ընդունելի տարբեր պաշտոնյաներ կան՝ տարբեր գերատեսչություններ ղեկավարող։ Եվ խորհրդի նախագահ էլ ընտրվում է ՔՊ-ի նախագահը՝ Սուրեն Պապիկյանը։ Եվ այստեղ որևէ տարբերություն հնարավոր չէ գտնել այն երևույթի դեմ, որը նրանք քննադատում էին, և այն քայլերի մեջ, որ նրանք անում էին։ Ուստի կարծում եմ, որ իրենք պետք է հայտարարեն՝ կա՛մ փոխվել են իրենց հայացքները, և այս լուծումները ճիշտ են, և իրենք կարծում են՝ այո՛, կուսակցության լիդերը պետք է լինի Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, կա՛մ էլ հայտարարեն, որ այն արժեքները, որոնք դավանում էին 2018-ին, դրանք կեղծ էին, սուտ էին, և իրենց հայացքները հիմա բացարձակապես այլ են», - ընդգծեց պրոֆեսորը։

Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրություններին և իր թեկնածության առաջադրման հարցին՝ Մելքոնյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդում «բավական կանխատեսելի» պատկեր է ձևավորված:

«Նախորդ անգամ, երբ ես առաջադրեցի իմ թեկնածությունը, իրավիճակը բավական այլ էր, խորհրդի կազմը բավականին այլ էր, և կարծում էի, որ թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ շանս կար կարծիքների, տեսակետների, ծրագրերի ներկայացման միջոցով որոշակիորեն ապահովել մրցակցային ընտրություն։ Այս պարագայում, ես այդ մրցակցության հնարավորությունը համարում եմ զրոյական ըստ էության, և այս պահին չեմ ուզում ինչ-որ հայտարարություններ անել, բայց ավելի շատ հակված եմ չմասնակցել այս ընտրություններին։ Մանավանդ որ, կարծում եմ, որ երկրում ստեղծված վիճակը պահանջում է գլոբալ փոփոխություններ, և միայն ԵՊՀ-ով խնդիրը լուծել հնարավոր չէ», - նշեց նա։
«Այնպես որ, ես կողմ եմ գլոբալ-արմատական փոփոխությունների։ Եվ շարունակում եմ մնալ իմ դիրքորոշմանը, որ այս իշխանության գոյությունը Հայաստանի կառավարման ղեկին մեծագույն վնաս է հայկական պետականությունը», - եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

--0--ԿԿ