Երկու օր շարունակ ինքնակամ «Գորիս» ՔԿՀ ներկայացող Մենուա Հովսեփյանը կալանավորվել է երեկ երեկոյան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

մենուա

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն արդեն «Գորիս» ՔԿՀ-ում է։ Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հովսեփյանը կալանավորվել է երեկ երեկոյան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ բավարարել է դատախազության բողոքը և որոշում կայացրել՝ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու, Հովսեփյանին կրկին կալանավորելու մասին։

Թեև Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացվել, դատարանի որոշումը չէր տրամադրվել, ինչպես նաև՝ չէր նշվել, որ Հովսեփյանը պետք է անհապաղ կալանավորվի, ինչի հետևանքով Գորիս ՔԿՀ երկու օր շարունակ ինքնակամ ներկայացող Մենուա Հովսեփյանին ՔԿՀ-ն չէր ընդունում՝ նշելով, որ առանց համապատասխան որոշման չեն կարող կալանավորել։ Հովսեփյանը հարցերի պատասխանները փորձել է ստանալ նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, ինչպես նաև ներկայացել է ոստիկանության բաժանմունք, որտեղից արդեն տեղափոխվել ՔԿՀ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։ Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։ Նախաքննության ավարտական փուլում ՔԿ-ն վերաորակել է արարքը։ Այժմ Իրինա Յոլյանը, Սուսաննա Մկրտչյանը և Չոպչունցը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանը՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Այժմ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բորիս Բախշիյանի վարույթում։

--00--ԱՀ