Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կդառնա անվճար․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 23, 24News

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1,1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը․ համավճարի մասին է խոսքը:

Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը  ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասել է Թորոսյանը և տեղեկացրել, որ գումարն ամբողջությամբ կփոխանցի պետությունը։