«Ռոստելեկոմը» չի հաստատում, որ Սամվել Կարապետյանն է բաժնետոմսերի գնորդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Նոյեմբերի 2-ին պետական Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական կայքը գրել էր, որ Հայաստանում գործող «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցության օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի։

Ըստ «Լուրերի»՝ այս մասին ասել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ Ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը երեկ 24News-ին ասաց, որ վաճառքի հարցը քննարկման փուլում է։

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի [Լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը] շրջանակում քննարկման փուլում է դեռևս», - նշեց նա։

Ըստ Հունանյանի՝ հեռահաղորդակցության բնագավառում կարգավորող անձն իր հսկողությունը փոխանցելուց առաջ պետք է ստանա կարգավորողի համաձայնությունը։

«Եվ կարգավորողն էլ այդ համաձայնությունը տալիս է՝ նախապես այն համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։ Այս պահին մենք այդ փուլում ենք, այսինքն՝ ներկայացրել ենք ոլորտի իրավասու մարմնին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, և իրենց դիրքորոշումը ստանալուց հետո արդեն մեր դիրքորոշումը վերջնական կասենք», - հավելեց ՀԾԿՀ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է գործարքի արժեքին, ապա Հունանյանն ասաց, որ այդ մասին տվյալներ չունի։

«Ըստ էության, մեզ՝ որպես կարգավորողի, գործարքի արժեքն այդքան էլ չի հետաքրքրում», - ընդգծեց նա։

«Լուրեր»-ը նաև գրել էր, որ «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։

«Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերի» հետ զրույցում ասել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

«Ինչպես տեղեկացրին ՀԾԿՀ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 60 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։

«Molitro Hօldings Limited»-ը ՀԾԿՀ դիմում ներկայացրել է հոկտեմբերի 19-ին», - գրել էր լրատվական կայքը։

ՀԷՑ-ի բաժնետերը 2015 թվականից ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։

Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Պոլյակովը հնարավոր գործարքի ու վաճառքի պատճառների մասին մանրամասներ չասաց՝ նշելով, որ դեռ վաճառքի գործընթացը չի սկսվել, և որ սպասում են Հայաստանում համապատասխան մարմինների դիրքորոշմանը։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կողմից բաժնետոմսերը գնելու մասին լուրերին, ապա, ըստ նրա, դրանք դեռ խոսակցություններ են, քանի որ վաճառքի գործընթացը դեռևս չի սկսվել, և դեռ այլ գնորդներ էլ կարող են ի հայտ գալ։ Իսկ վաճառքի գործընթաց սկսելու մասին հարցին հումորով արձագանքեց. «Արդեն սկսե՞լ է»։ 

Պոլյակովը նշեց, որ համապատասխան փուլերն անցնելուց հետո է միայն հնարավոր խոսել վաճառքի գործարքի մասին։

Հնարավոր գործարքի արժեքի մասին «Ռոստելեկոմ»-ի մամուլի խոսնակը նույնպես որևէ բան չասաց։

«Եկեք սպասենք կոնկրետ գործարքին, այդ ժամանակ կմեկնաբանենք», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ