ՀՀ-ն կանգնած է գոյաբանական աննախադեպ վտանգի առաջ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ԺՀԿ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Անհրաժեշտ է գիտակցել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությանն ուղղված սպառնալիքները միայն արտաքին չեն, դրանց զուգահեռ ունենք հավասարազոր ներքին սպառնալիքներ, առանց որոնց հաղթահարման չենք կարող պատասխանել արտաքին մարտահրավերներին։

Առաջնային ներքին սպառնալիք է ՀՀ իշխանությունը, որի վարած քաղաքականության հետևանքով․ 

Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերածվել են գերտերությունների շահերի բախման տարածքի, անվտանգության երաշխավորման ռազմական բաղադրիչը փոխարինվել է իշխանության կողմից առաջ քաշված «խաղաղության օրակարգով», որը ենթադրում էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման ու բարեկամացման քաղաքականություն, չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, «խաղաղության օրակարգի» շրջանակներում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո չեն ձեռնարկվել բանակաշինության և դիրքերի ամրապնդման անհրաժեշտ նվազագույն միջոցներ, տապալվել են հանրային կառավարման գրեթե բոլոր ոլորտները։

Ներքին լրջագույն սպառնալիքներ են հասարակությունում և քաղաքական դերակատարների մոտ առկա քաղաքական միֆերը, մասնավորապես այն, որ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովուրդը այլևս դերակատարներ չեն և ամեն ինչ կանխորոշված է գերտերությունների կողմից։

Իրականում յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ, թեկուզ սահմանափակ, սակայն էական և վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ իրեն անմիջականորեն առնչվող աշխարհաքաղաքական գործընթացներում։

Հայաստանի Հանրապետությունը կարող է բերել տարածաշրջանին խաղաղություն։

Իրականում այն պետությունը, որը չի կարողանում երաշխավորել նույնիսկ իր անվտանգությունն ու սեփական տարածքային ամբողջականությունը, երբեք չի կարող բերել խաղաղություն աշխարհի ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկին։

Որևէ այլ քաղաքական ուժ ավելին անել չէր կարող ստեղծված իրավիճակում։

Իրականում հնարավոր է շատ ավելին, եթե իշխանությունն ունի ազգային ինքնություն և դրանից բխող հստակ նպատակներ։

Սպառնալիք են նաև բոլոր այն քաղաքական դերակատարները, որոնք Հայաստանի Հանրապետության փրկությունը պայմանավորում են միայն արտաքին դերակատարներով և առաջնորդվում են «հակա»-ի քաղաքականությամբ (հակառուսականություն, հակաարևմտականություն և այլն)։  

Հաշվի առնելով նախկին իշխանությունների վերարտադրության անթույլատրելիությունը և քաղաքական դաշտում ինստիտուցիոնալացված կուսակցությունների բացակայությունը, որոնք կարող են ստանձնել այս բարդագույն իրավիճակում քաղաքական կառավարումը, որպես օպտիմալ լուծում կարող է լինել հակաճգնաժամային կառավարության ձևավորումը։

Իշխանությունը նվազագույն հանրային շահի գիտակցման պարագայում պետք է ներկայացնի հրաժարական, միաժամանակ ձևավորելով  հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կերաշխավորի իշխանության անվտանգ հեռացումը։ Հակաճգնաժամային կառավարության մեջ համակարգային կերպով ներկայացված չեն լինի ներկա և նախկին իշխանությունները, փոխարենը այն կազմված կլինի ոլորտի պրոֆեսիոնալներից։

Իշխանության այս քայլերի չձեռնարկման պարագայում պետք է ձևավորվի հանրային պահանջ և տեղի ունենա հանրային մոբիլիզացիա»:

--00--ԱԹ