4 հայ գերու մասով դիմում է ուղարկվել ՄԻԵԴ, մյուսներով կառավարությունը դեռ զբաղվում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

4 հոգու մասով դիմում ուղարկել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մյուսներով զբաղվում է կառավարությունը։ Այս մասին 24News-ին ասաց արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը։ Վերջինս փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ ստանձնել է Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակման հետևանքով գերի ընկած հայ զինծառայողների շահերի պաշտպանությունը։

Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը նաև ներկայացնում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածների  և այլ պահվող անձանց շահերը ՄԻԵԴ-ում։

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Ադրբեջանի դեռևս չի հաստատել նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայ զինծառայողներին գերեվարելու փաստը։ Իսկ թե ինչ են նշել ՄԻԵԴ ուղարկված դիմումի մեջ, փաստաբանն ասաց․ «Հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ենք ներկայացրել, որպեսզի մերոնց իրավունքները պաշտպանվեն»։

Հարցին՝ պահանջի մեջ մտնո՞ւմ է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն այցելի Բաքու և համոզվի՝ գերիներ կա՞ն, թե՞՝ ոչ, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց․ «Չենք կարող այդպիսի պահանջ ներկայացնել»։

Զեյնալյանը կոնկրետ թիվ չնշեց, թե քանի գերեվարվածի ծնող է դիմել իրենց ՄԻԵԴ գանգատ ուղարկելու համար։

«Շատ ավելի շատ են դիմել, բայց մենք կարողացել ենք 4 հոգու անունից գանգատ ներկայացնել Եվրոպական դատարան, մյուսների համար գանգատ ներկայացնում է կառավարությունը։ Մենք 4-ի վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների իրավազորության ներքո են գտնվել ողջ վիճակում, դրանից ավել ինֆորմացիա չունենք։ Մենք ունենք ապացույց, որ նրանք ողջ են եղել Ադրբեջանի գերության մեջ, տեսանյութեր ունենք նրանց վերաբերյալ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի իրավազորության ներքո են, անխտիր բոլորի՝ խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը խախտվում է։ Չկա այդպիսին, որ խախտված չլինի», - ասաց փաստաբանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ին ասաց, որ կառավարությունը դեռ գանգատ չի ուղարկել Եվրոպական դատարան։

«Դեռ չենք ուղարկել, թվերի ճշտման հետ է կապված։ Վերջնական հասկանանք ու կանենք։ Հայտարարություն կլինի այդ մասով։ Դեռ գանգատը վերամշակված չէ», - հավելեց Հասմիկ Սամվելյանը, բայց դժվարացավ ասել, թե քանի ծնող է դիմել կառավարությանը։

«ՄԻԵԴ-ում գործերով զբաղվող առանձին փաստաբաններին դիմել են, բայց մեր մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Աշխատանքներ տարվում են, հենց որոշակիանա ինչ-որ բան, մենք հայտարարություն կանենք», - նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակը։

Հասմիկ Սամվելյանն ասաց, որ ադրբեջանական կողմը դեռևս Սյունիքի մարտերի հետևանքով որևէ հայ զինծառայողի՝ գերեվարված լինելու հանգամանքը պաշտոնապես չի հաստատել։

Նոյեմբերի 19-ին «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասել էր, որ ադրբեջանական կողմը դեռևս չի հաստատել որևէ գերու առկայությունը, և որ կազմակերպությունը երկխոսության մեջ է ներգրավված կողմերի և պատկան մարմինների հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ