Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական բնույթը և շեշտել, որ դրանք առավել ամրապնդվել են վերջին 30 տարիներին՝ Հայաստանի անկախությունից հետո: Հաշվի առնելով երկու պետություններում տեխնոլոգիական ոլորտի զարգացման բարձր մակարդակը, առկա հնարավորությունները՝ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է քննարկել ոլորտային համագործակցության ընդլայնման, թվային գործիքների կիրառման և այլ հարցերով փորձի փոխանակման հնարավորությունները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության հնարավորություններին՝ նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնելու արդյունավետ համագործակցության զարգացումն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին նշել է, որ եգիպտական կողմը մասնավորապես հետաքրքրված է «Խելացի քաղաքների» ստեղծման, կառավարման թվային փոխակերպման, բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառման հայաստանյան փորձով:

Նախարարը և դեսպանը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումն ու փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև դիտարկել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ոլորտային մի շարք հարցերի քննարկման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է Եգիպտոսի դեսպանին մասնակցելու 2022 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ը ՀՀ-ում կայանալիք պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2022»  միջազգային ցուցահանդեսին:

--00--ԱՀ