Փաշինյանը Սոչիում չկարողացավ ՀՀ շահերը պաշտպանել. ադրբեջանցիների՝ մեր տարածքում գտնվելը չարձանագրվեց

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

Փաշինյան

«Երեկ՝ նոյեմբերի 26-ին, կնքված եռակողմ հայտարարության մեջ ներառված է հիմնականում Ադրբեջանի և Ռուսաստանի շահը, ներառված են այն թեմաները, որոնք հետաքրքրում են այդ երկու երկրներին»,- այս մասին 24 News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ հայտարարության մեջ ներառված չէ գերիների հարցի վերջնական լուծման խնդիրը։ Ալիևը ներածական մասում ասում է, որ նոյեմբերի 9-ի և  հունվարի 11-ով նախատեսված բոլոր կետերը գրեթե կատարված են, այսինքն՝ համարում է, որ գերիների թեման փակվել է.

«Ալիևն այդ թեման թողնում է, որպես  սակարկման առարկա՝ մի օր քարտեզների, մի օր էլ՝ այլ թեմայի շուրջ: Մյուս հարցն այն է, որ այդ հայտարարության մեջ չկա Արցախի կարգավիճակի շուրջ որևէ թեմա, ինչը ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող է»:

Հակոբյանի կարծիքով՝ հայաստանյան շահի տեսակետից հայտարարությունը որևէ նոր բան չի տալիս, հակառակը՝ մտահոգություններն ավելի է շատանում, քանի որ դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրները շատ անորոշ են մնում, իսկ  հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը՝ խաղաղություն ցանկացած գնով, լուրջ տագնապ է առաջացնում, որովհետև մինչ այժմ Փաշինյանը զիջումների է գնացել՝ իր հիպոթետիկ խաղաղության դարաշրջանը սկսելու համար:

«Ունենք մի իրավիճակ՝ որոշ տեղերում փաստացի տեղի է ունեցել դեմարկացիա՝ առանց դելիմիտացիայի: Մենք ունենք դեմարկացիա եղած տեղեր, ընդ որում՝ Հայաստանի կողմից ճանաչված, օրինակ՝ Գորիս -Կապան ճանապարհի հատվածը, Ճակատենը և առաջ եկած այդ 41 ք/կմ-ը: Շատ հարցերում, որում Ադրբեջանը հավակնություններ ուներ, կամ ՀՀ-ի կողմից ստացել է կամ գրավել է և հիմա պրոցեսը գնում է պոստ ֆակտում»,-նկատեց նա: 

Հակոբյանի  կարծիքով, որպեսզի փաստաթղթում նշվեր, որ ադրբեջանցիները մեր տարածքում են և պետք է հեռանան, ի սկզբանե Փաշինյանը պետք է չընդուներ այն փաստը, որ իրենք գուցե իրավունք ունեին մեր տարածքում լինել և դրանք կոչեր ադրբեջանական անուններով:

 «Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ադրբեջանցիները մեր տարածքում են գտնվում, բայց հետագա երեք ժամանոց բանակցություններում չկարողացավ այդ տեսակետը պաշտպանել այնպես, որ տեղ գտներ փաստաթղթում: Իր դիրքերը բավականին թույլ են: Նիկոլ Փաշինյանը երկիրը, որպես պարտության տարած և կապիտուլյացիա ստորագրած անձ է և ակնհայտ է, որ Հայաստանը երեկվա եռակողմ փաստաթղթի քննարկման ժամանակ շատ թույլ է՝ ՌԴ-ի և Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ չի կարողանում բանակցել: Մի բան է ներքին լսարանի առջև հայտարարություն անել, մեկ այլ բան՝ կարողանալ փակ բանակցությունների ընթացքում, երբ քեզ հետ ուրիշ կերպ են խոսում և այլ խաղի կանոններ են աշխատում այդ թվում նաև ճնշման մեխանիզմներ, կարողանալ քո հայտարարածը փաստաթղթում արձանագրել: Իր քաղաքական կշիռը աշխարհում և այս բանակցություններում այնքան թույլ է, որ առանձնապես նշանակություն չեն տալիս, թե ինչ է  հայտարարում, կարևոր է, որ թղթի վրա դա արձանագրված չէ»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է Բրյուսելի հանդիպմանը, ըստ քաղաքագետի, ապա դա զուտ քաղաքական միջոցառում է և լուրջ գործընթացներ չեն սպասվում. «Երեկ Վլադիմիր Պուտինի ասածից էլ եկանք այն եզրակացության, որ առանց ՌԴ-ի թույլտվության ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները չէին գնա Բրյուսել ու Արցախի հարցի շուրջ կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների մաին որևէ բան քննարկեն: Սա ՌԴ-ի կողմից ժեստ է եվրոպական միությանը, որ դուք էլ այդ գործընթացում կաք, բայց պրոցեսի վրա ազդելու որևէ գործում մեխանիզմներ իրենք չունեն: Մեկ տարվա ընթացքում, կարող էին գործուն ազդեցություն ունենալ, կամ չուզեցին, կամ չկարողացան»:

--00—ՄՀ

Տեսանյութեր