Միջխորհրդարանական միության նախագահ ԱԺ խոսնակին առաջարկել է ֆորում անցկացնել ՀՀ-ում 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

աժ

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում կանայք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը: Միջխորհրդարանական միության նախագահը բարձր է գնահատել խորհրդարանաում կանանց ներկայացվածությունը, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Նա կարեւորել է նաեւ երիտասարդների ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական ներկայացվածությունը Հայաստանում առկա գործընթացներին:

Միջխորհրդարանական միության նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել Հայաստանում, ինչն արժանացել է Ալեն Սիմոնյանի հավանությանը:

Երկուստեք արձանագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությունը Միջխորհրդարանական միության աշխատանքներին:

ԱԺ աշխատակազմի հաղորդմամբ՝ Մադրիդում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները:

Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը:

Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հաձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ:

--00—ԼՄ