Ինչպե՞ս «Պեգասուսը» հայտնվեց պաշտոնյաների հեռախոսում․ ծրագիրը սարքը կարող է վարակել առանց սեղմումի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Հայաստանում փաստացի այդպիսի գորառույթ չկա, որպեսզի նախօրոք ինչ-որ մեկը պաշտպանի «Պեգասուս»-ից։ Այս մասին 24News-ին ասաց «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Պեգասուս» (Pegasus) վնասակար ծրագրին ու դրա դեմ պետության իրավապահ մարմինների միջոցով պաշտպանվելու հարցին։

Սարքավորումների կոտրման և գաղտնալսման Pegasus ծրագրային ապահովումը մշակել է իսրայելական NSO Group-ը։ Ծրագիրը ներթափանցում է iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումներ և թույլ տալիս պատվիրատուին հասանելիություն ունենալ մեսինջերների հաղորդագրություններին, էլեկտրոնային փոստին, մեդիային, տեղակայման մասին տվյալներին, ակտիվացնել ֆոտոխցիկը, միկրոֆոնը, առանց օգտագործողի իմացության։

Ըստ Մարտիրոսյանի՝ «Պեգասուսը» սպեցիֆիկ է, շատ դժվար հետաքննվող ու եթե ձեր սարքը վարակվել է այդ ծրագրով, դժվար թե պարզվի՝ ով է։ «Որովհետև միջնորդը, կարծես թե, հենց այդ կազմակերպությունն է»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին հայտարարել էր, որ իր Iphone-ին Apple ընկերությունից հաղորդագրություն է եկել այն մասին, որ իր հեռախոսում տեղադրված է եղել վնասակար ծրագիրը։ Վանեցյանը նշել էր, որ, ըստ NSO Group-ի հայտարարության, կազմակերպությունը համագործակցում է բացառապես պետության հետ, և եթե պետությունը թույլ չտա մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառել երկրում։

Անդրադառնալով Վանեցյանի խոսքերին՝ Մարտիրոսյանն ասաց, որ պաշտոնապես NSO Group ասում է, թե ծառայությունը միայն երկրներին է տրամադրում՝ լեգալ գործողությունների համար (օրինակ՝ ահաբեկիչ բռնելու համար), և որ կազմակերպությունը չի գործում մի երկրի պատվերով մեկ ուրիշ երկրի դեմ, անհատներին, կազմակերպություններին չի տրամադրում այդ ծրագիրը։

«Սակայն բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ NSO Group-ը ստում է, և փաստացի «Պեգասուսի» թիրախ դարձած մոտ 50 հազար մարդու տվյալ է բացահայտվել մի քանի ամիս առաջ։ Օրինակ՝ Ադրբեջանում կան հարյուրավոր մարդիկ, և այս բացահայտումը ցույց տվեց, որ ցանկում գրեթե չկան իրական քրեական թիրախներ, այլ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ են։ Այսինքն՝ պարզ է, որ հատուկ ծառայություններն օգտագործում են բացարձակ այլ նպատակներով։ Հարցն այն է, թե ով է Հայաստանում վարակել։ Դա մեծ հարց է, և այստեղ կարող եմ միայն իմ մոտեցումն ասել։ Հայաստանից դեռ մի քանի հոգի է հայտարարել․ մեկը Վանեցյանն է, փաստաբան Աննա Կարապետյանը, Դավիթ Սանասարյանը և ԲՏԱ նախարարը», - հավելեց մեդիափորձագետը։

Նոյեմբերի 25-ին փաստաբան, նախկինում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Apple ընկերության ուղարկած նամակը, որում, ի թիվս այլնի, նշված էր. «Apple-ը կարծում է, որ դուք թիրախավորված եք պետության կողմից հովանավորվող հարձակվողների կողմից, որոնք փորձում են հեռավար կերպով խախտել ձեր Apple ID-ի հետ կապված iPhone-ը»։

Նոյեմբերի 25-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կառավարությունում լրագրողներին ասաց, որ ծանոթ չէ Pegasus ծրագրին, և որ կարիք չի եղել՝ ԲՏԱՆ-ն այն ուսումնասիրի։

Մարտիրոսյանը նշեց, որ գիտի ևս 20-ից ավելի մարդու, որոնք Apple-ից զգուշացնող նամակը նույնպես ստացել են։

«Ամենայն հավանականությամբ, դա մեկ վարակում չէ, որովհետև ցանկում կան մարդիկ, որոնք խնդիրը ներքին քաղաքական բնույթի է։ Բնականաբար, եթե ելնենք հին հռոմեական սկզբունքից, թե ում էր շահավետ վարակելը, ամենայն հավանականությամբ ներքաղաքական բնույթ են կրում, դժվար թե դրսից իրենցով մեկը հետաքրքրվեր։ Բայց կան մարդիկ, որոնք բացարձակ ներքաղաքական հարցերում չկան, և ընդհակառակը, կարող են հետաքրքել այլ երկրների հետախուզություններին, հատուկ ծառայություններին»։

«Hoory»-ի գործադիր տնօրենն ասաց, որ Apple-ը զգուշացրել է մարդկանց, որոնք մի վարակման ալիքի հետևանք չեն, մի մասը վարակվել են սեփական երկրից, մի մասն էլ՝ այլ երկրից։

«Բոլորը, ում ես գիտեմ, կա՛մ պետական ծառայող են, կա՛մ իշխանության այլ ճյուղի ներկայացուցիչ, կա՛մ ընդդիմադիր, այսինքն՝ կա՛մ քաղաքական, կա՛մ իշխանական ինչ-որ ճյուղի ներկայացուցիչ են։ «Պեգասուսով» վարակումը կարող է լինել առանց քլիքի [սեղմումի], այսինքն՝ մարդն առանց որևէ բան անելու, ինչ-որ նկար ստանա, ու դրանից սարքը վարակվի, նույնիսկ քլիք չանի նկարի վրա։ Փրկությունն միակ ճանապարհը սարքերը [սարքերի օպերացիոն համակարգը] անընդհատ թարմացված պահելն է, որովհետև սարք արտադրողներ Apple-ը, Google-ը փորձում են գտնել, թե ինչպես է վնասակար ծրագրի հաստատումը գնում, և փակել այն», - եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Նոյեմբերի 23-ին Apple ընկերությունը հայտարարություն տարածեց, որ նույն օրը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ պատասխանատվության ենթարկելու Apple-ի օգտատերերի հսկողության և թիրախավորման համար:

«Բողոքը նոր տեղեկություններ է տրամադրում այն մասին՝ ինչպես է NSO Group-ը վարակել զոհերի սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրակազմով: Իր օգտատերերին ուղղված հետագա չարաշահումներն ու վնասները կանխելու համար Apple-ը նաև պահանջում է մշտական արգելանք՝ արգելելու NSO Group-ին օգտագործել Apple-ի ցանկացած ծրագրակազմ, ծառայություններ կամ սարքեր: NSO Group-ը ստեղծում է բաղադրյալ, պետության կողմից հովանավորվող հսկողության տեխնոլոգիա, որը թույլ է տալիս իր խիստ թիրախավորված լրտեսող ծրագրերին հետևել իր զոհերին», - նշված էր ընկերության հաղորդագրության մեջ։

-00—ԼՄ