Կորոնավիրուսի դեմ 3-րդ պատվաստումը կարելի է ստանալ նույն կամ այլ պատվաստանյութով․ ԱՆ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

կով

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:

COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության` առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց։

COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:

--00—ԼՄ