Արցախում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

պատվաստում

Արցախի Հանրապետությունում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից:

Կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):

Արձանագրենք, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 2373 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 454 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը):

Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է 4 տեսակի՝ «ՍՊՈՒՏՆԻԿ-V», «ԱՍՏՐԱԶԵՆԵԿԱ», «ՍԻՆՈՖԱՐՄ» և «ՄՈԴԵՌՆԱ» պատվաստանյութերով:

Կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են թե առողջապահության նախարարության և թե բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերն ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։

Օրերս ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Արցախ էին ժամանել բարձրակարգ էքսպերտ մասնագետներ՝ հանրապետությունում «Covid-19»-ի համավարակի հետ պայմանավորված տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, իրավիճակը գնահատելու և իրենց ունեցած փորձը փոխանցելու նպատակով։

Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:

Անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

--00--ԱԹ