Չեմ ողջունում Քրիստինե Գրիգորյանի համաձայնությունը․ նա այդ առաքելության հետ կապ չունեցող մարդ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ։ Դու փաստացի ոչինչ չունես, բացի քո հեղինակությունից։ Եվ եթե քեզ հանրությունը (առաջին հերթին՝ մասնագիտական հանրությունը) չի ընդունում որպես հեղինակություն, ուրեմն դու չունես հեղինակություն։ Եվ եթե հեղինակություն չունես, ուրեմն դու փաստացի ոչինչ չունես։

Մեղմ ասած, չեմ ողջունում Քրիստինե Գրիգորյանի համաձայնությունը՝ առաջադրվելու որպես ՔՊ-ի ՄԻՊ։ Նա այդ առաքելության հետ կապ չունեցող մարդ է։

Ամեն դեպքում, տիկին Գրիգորյանին՝ որպես ՄԻՊ-ի դե ֆակտո թեկնածուի, հրապարակավ մի քանի հարց ուղղեմ, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները.

1) Ձեր ընկալմամբ՝ արդյո՞ք չարաշահվում է խաղաղ հավաքներից «օրինական պահանջը չկատարելու» հիմքով մասնակիցներին բերման ենթարկելու՝ իրավապահների հնարավորությունը։ Արդյո՞ք չափազանց մեծ չէ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը։

2) Ձեր ընկալմամբ՝ արդյո՞ք արդարադատության նախարարը պետք է իրավունք ունենա դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցել, եթե՝ այո, ապա արդյո՞ք պետք է սահմանափակումներ լինեն։

3) Ձեր ընկալմամբ՝ Ձեզ առաջադրած քաղաքական ուժը արդյո՞ք ընտրական իրավունքին անհամաչափ միջամտություն չի կատարում, երբ համայնքապետերի ժպ-ներ է նշանակում բացառապես իր առաջադրած թեկնածուներին։

4) Ինչպե՞ս եք վերաբերվում խափանման միջոց կալանքին։ Արդյո՞ք այն չի չարաշահվում իշխող ուժի ընդդիմախոսների նկատմամբ։
Դեռ այսքանը»։

Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին․

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»։

--00--ԱՀ