Որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

աճյուն

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը: 

2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:46-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին:

Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ օգնություն կայան» փակ բաժնետիրական ընկերություններին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:

Արձանագրված մյուս երկու հրդեհներից, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կարճատև դադարից հետո դեկտեմբերի 4-ին վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 1 ռումբ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, նռնականետի 10 նռնակ և 26 արկ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 31, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 20 կանչ:

 --00—ՄՀ