Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից տարածաշրջանային նախագծեր. շաբաթը` ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ից հաղորդել են, որ նոյեմբերի 29-ին ադրբեջանական բանակի ականանետային և հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել: Իսկ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումներն են մարտական կրակով վարժանքներ են իրականացրել:

Դեկտեմբերի 2-ին ադրբեջանական բանակում ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել «Բայրաքթար» ԱԹՍ-ներով։ Իսկ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորամասերում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ են անցկացվել։

Նոյեմբերի 30-ի առավոտյան Խըզը շրջանի Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 սպա է զոհվել, իսկ 2-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել։

Թուրքիայի ՊՆ-ն այս կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին։ Իսկ Էրդողանը զանգահարել է Ալիևին և ցավակցություն հայտնել։ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը վստահեցրել է, որ ուղղաթիռի կործանման հարցում արտաքին միջամտության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Դեկտեմբերի 1-ին Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդա Ջալալի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են Պակիստանի և Թուրքիայի հետ երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմական արդյունաբերության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանը Թուրքիայից Hürkuş ռազմական ինքնաթիռ է ձեռք բերել, որը նախատեսված է զորավարժությունների համար։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովն ու Բաքվում Թուրքիայի դեսպան Ջավիդ Բահչին ներկա են եղել ուսումնական ինքնաթիռի փորձարկմանը։

Նշենք, որ Hürkuş ինքնաթիռը, որն իր առաջին թռիչքն իրականացրել է 2018 թ-ին, ներառվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Ինքնաթիռն օգտագործվելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ 2021 թ-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանը դարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի և ավիացիայի երկրորդ խոշորագույն ներմուծողը։ Նշվում է, որ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Թուրքիան Ադրբեջանին է վաճառել 192 միլիոն 126 հազար դոլարի պաշտպանական արդյունաբերության արտադրանք։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել ընդդեմ Արցախի Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Դաշնային խորհրդում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վիճելի հարցերի լուծման համար: ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ժաո Լիցզյանը, մեկնաբանելով Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները, հայտարարել է, թե Չինաստանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունները կլուծվեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շուրջ։

Դեկտեմբերի 3-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, որով կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև հորդորել հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիայի ներգրավածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, թե դեկտեմբերի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակակետում սպանվել է Արցախի բնակիչ։ Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Խաղաղօվկիանոսյան դաշինքի միջազգային համագործակցության III ֆորումի մասնակիցներն իրենց ելույթում հետաքրքրություն են հայտնել Ղարաբաղի վերականգնման շուրջ համագործակցելու հարցում:

Շաբաթվա ընթացքում Ալիևն ընդունել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբեյդա Ջալալին և հայտարարել, որ ուրախ կլինի օտարերկրյա ընկերությունների թվում, որոնք մասնակցում են Ղարաբաղի վերականգնմանը, տեսնել նաև պակիստանյան ընկերություններին:

Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը ևս հանդիպել է Ջալալի հետ և նրա հետ քննարկել Արցախից գրավված տարածքներում իրականացվող նախագծերին պակիստանյան ընկերությունների մասնակցության հարցը։

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնման աշխատանքներին։

Ալիևը կարգադրել է Արցախից գրավված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակել Էմին Հուսեյնովին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Շուշիի շրջանը չի մտնում «Ղարաբաղի տնտեսական շրջանի» մեջ։

Ադրբեջանական մամուլի ուշադրությանն է արժանացել Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի վերակառուցումը։ Ադրբեջանական մեդիա դաշտում նկատել են, որ այն «Զանգեզուրի միջանցքի» անբաժանելի մասն է լինելու։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե արագ տեմպերով շարունակվում է Բարդա-Աղդամ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, որն ունենալու է 4 երթևեկելի գոտի։

Դեկտեմբերի 1-ին Լաչինում անցկացվել է լայնածավալ ծառատունկ։ «Ազերսու» ընկերությունը հայտնել է, թե Լաչինի շրջանի ռազմական և քաղաքացիական օբյեկտներում ապահովել է կայուն ջրամատակարարում։

Արցախի ՄԻՊ-ը նհայտարարել է, թե Ադրբեջանը դարձյալ խլացնում է Արցախի բջջային ու համացանցային կապը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին Ղարաբաղում սեյսմիկ կայանների տեղադրման, կադրային փորձի փոխանակման, երկրաշարժերի վերաբերյալ սեյսմիկ կայանների տվյալների փոխանակման հարցում։

Ղարաբաղի վերածնունդ հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը հայտարարել է, թե Ակնայում (Աղդամում) նախատեսվում է ստեղծել հատուկ կրթական թաղամաս։ Այս եռամսյակում Ղարաբաղի համալսարանի հիմքը կդրվի։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովը հայտարարել է, թե Աշխատանքներ են տարվում Ղարաբաղի մի մասում կենդանիների հիվանդություններից զերծ գոտիներ ստեղծելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ Արցախից գրավված տարածքներում ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների շնորհիվ կապահովվի 100 հազար հեկտարի ոռոգում։

Քերիմովը նաև հայտարարել է, թե Կովսականի (Զանգելան) «խելացի գյուղում» ագրարային ոլորտի բաղադրիչները կմիավորվեն ժամանակակից քաղաքաշինության տարրերով։ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը նշել է, որ Ղարաբաղում արդեն սկսվել են 11 ավտոմատ հիդրոլոգիական կայանների կառուցման աշխատանքները։

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը հայտարարել է, թե Քարվաճառի շրջանի Թութխուն ոսկու հանքավայրում սկսվել են երկրաբանական հետախուզման աշխատանքները:

Տարածաշրջանային նախագծերի մասին

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանից դեպի Իգդիր ավտոմոբիլային ճանապարհ կկառուցվի: Ըստ նրա՝ ավտոմայրուղու կառուցմամբ Նախիջևանի խնդիրը կլուծվի, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Իգդիրի միջև կապերի հաստատման համար։

Թուրքիայի անկախ արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ասոցիացիայի (MÜSİAD) ներկայացուցչության ղեկավար Մեհմեդ Հիլմի Քագնըջին հայտարարել է, թե Նախիջեւանի միջով տրանսպորտային միջանցքի բացումը կդյուրացնի բեռնափոխադրումները Թուրքիայից ոչ միայն Ադրբեջան, այլեւ Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ, իսկ հետագայում նաև Կենտրոնական Ասիա։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի, և բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների վերսկսումը և կոչ արել առաջընթացի հասնել ռազմագերիների հարցում։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե ինքը հանգիստ չի կարող լինել, մինչև հայ գերիները տուն չեն վերադարձել։

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե իրենք օգնում են Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման հարցում։ Ադրբեջանի Պն հայտնել է, թե ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների կողմից ականներից մաքրվել է 13177 հեկտար տարածք, 616 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, հայտնաբերել ու վնասազերծել է 16860 ական և չպայթած զինամթերք։

Մարշալի ժառանգության ամերիկյան ինստիտուտը (Marshall Legacy Institute, MLI) 8 ական փնտրող շներ է ուղարկել Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալություն (ANAMA): Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստում իր ելույթի ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե պետք է միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա ականապատման քարտեզներն իրենց տրամադրելու հարցում։

Այլ թեմաներ

Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրոլ Օզվարը հայտարարել է, թե աշխատանքներ են սկսվել ադրբեջանա-թուրքական համատեղ համալսարանի ստեղծման ուղղությամբ։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգ է Ադրբեջանի իշխանությունների՝ ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների կապակցությամբ։

--00--ԱԹ