Որոշ համայնքներում չի եղել մրցակցություն կամ այն չի եղել արդար. «Անկախ դիտորդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ.

«2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 38 համայնքներում, որոնցից 36-ը համամասնական ընտրակարգով, իսկ երկուսը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 621 բնակավայր:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հետևեց ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 143 տեղամասերում և 23 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտորդական առաքելությունն իրականացվել է 30 երկարաժամկետ դիտորդների, 420 կարճաժամկետ դիտորդների (այդ թվում՝ 43 շրջիկ խմբերի), 16 իրավաբանների, մեդիա մոնիթորինգի 3 մասնագետի և 40-հոգանոց համակարգող ու հաղորդակցության թիմերի կազմով:

Մանրամասները՝ հետևյալ հղումով:

Եզրահանգումներ

2021 թ․ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները երրորդն էին, որ իրականացվեցին ՏԻՄ փոփոխված ընտրակարգով։

Գտնում ենք, որ համայնքների մեծ մասում արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը, և ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընտրությունների չափանիշներին։ Այդուհանդերձ, խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար՝ վարչական և ֆինանսատնտեսական ռեսուրսի չարաշահման հետևանքով:

Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթներն էական բարելավման ճանապարհ պետք է անցնեն՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման և հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով։ Իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ»: