ԲՀԿ-ն Աբովյանում կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ․ բանակցում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քաղաքական
24News-ի տեղեկություններով՝ Աբովյան համայնքում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կկազմի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հետ։ Վերջինիս հետ բանակցություններ են ընթանում։

Աբովյանում ԲՀԿ-ն ստացել է 10403 ձայն (46.19%), ինչը բավարար չէ միանձնյա իշխանություն ձևավորելու համար, անհրաժեշտ է 50+1։ ՀՅԴ-ն հավաքել է 1158 ձայն (5․14%)։ ՀՅԴ համայնքապետի թեկնածուն Արցախի հերոս Շահեն Մեղրյանի (Շահումյանի արծիվ) եղբորորդին Է։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար և ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ Պավել Ցուգունյանն է, հավաքել է 8261 ձայն (36․68%), իսկ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2696 ձայն (11․97%)։

Երեկ «Հրապարակ» թերթի հետ զրույցում ԲՀԿ համայնքապետի թեկնածու, նախկին պատգամավոր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանն ասել էր, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի։ Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությունը, ապա վերջինիս համայնքապետի թեկնածու Էմիլ Հարությունյանը նոյեմբերի 13-ին 24News-ի հետ զրույցում բացառել էր «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության հնարավորությունը։

Հնարավոր է, որ հենց այսօր էլ ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու մասին հայտարարվի։