ՔՊ-ն արդեն իսկ «հաջող բանակցությունների մեջ» է Վայքում իշխանություն ձևավորելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քաղաքական

Երեկ, ի թիվս այլ խոշորացված համայնքների, Վայքում նույնպես անորոշ է մնացել համայնքային իշխանության ձևավորման հարցը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վայոց ձորի մարզի Վայքի տեղական ինքնակառավարման ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 2257 ձայն (36․60%), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1967 (31․90%),«Ազատական» կուսակցությունը՝ 1080 (17․52%), իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 861 (13․96%)։ Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիայի ձևավորում։ 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը 24News-ին ասաց, որ դեռ չեն սկսել բանակցությունները։ «Բայց մենք կբանակցենք քաղաքական բոլոր ուժերի հետ ու կորոշենք, թե ում հետ ենք կոալիցիայի գնում։ Կամ հնարավոր է՝ ոչ մեկի հետ կոալիցիայի չգնանք», - նշեց նա։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը 24News-ին ասաց, որ այս պահին քանի որ ամփոփված չէ ավագանու մանդատների քանակը, որևէ որոշման մասին դժվար է խոսելը։ «Ամեն դեպքում «Հայրենիք» կուսակցությունը տարբեր տեղերում, ինչպես նաև մշտապես կենտրոնից, ասել են՝ իշխանությունների հետ համագործակցությունն ըստ էության բացառվում է», - հավելեց նա։

Հակոբյանը չբացառեց նաև համագործակցության հնարավորությունը 2-րդ տեղում հայտնված «Հանրապետություն» կուսակցության հետ։ «Կախված է՝ հնարավորություն կլինի՞ Վայքում մեծամասնություն ձևավորել, թե՞ ոչ։ Եթե հնարավորություն լինի, բանակցություն կարող է լինել, եթե հնարավորություն չլինի, հետևաբար անիմաստ է խոսել այդ թեմայով», - եզրափակեց «Հայրենիքի» մամուլի խոսնակը։

Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊԿ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն արդեն իսկ բանակցում է «այն առողջ ուժերի հետ», որոնց հետ համագործակցությունն իրատեսական է։ «Եվ բանակցությունները բավականին հաջող են ընթանում այս պահին», - հավելեց նա։

Ճշգրտող հարցին՝ բանակցում են «Ազատական» և «Հանրապետություն» կուսակցությունների՞ հետ, իսկ «Հայրենիք» հետ՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց․ «Նկատի ունեմ՝ առողջ ուժերի հետ բանակցում ենք, մյուսների հետ՝ դա անհնարին ենք համարում։ Ինձ թվում է, կարելի է հասկանալ, թե մենք ում կարող ենք նկատի ունենալ որպես առողջ, ում՝ ոչ։ Այլ մանրամասներ տալ չեմ կարող»։

«Ազատական» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Միքայել Պողոսյանն ասաց, որ դեռևս չի կարող պատասխանել, թե որ ուժի հետ են իշխանություն ձևավորելու համար քննարկումների մեջ։ «Ես ինքս լիազորված չեմ։ Եթե լինի կուսակցության վերջնական որոշումը, մենք հաղորդագրություն կատարածենք», - եզրափակեց Պողոսյանը։

--00--ԿԿ