Մեծ մեռելների ու փոքրիկ ողջերի երկիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Վանո Ս

«Նրանք պիտի պատրաստ լինեին եւ պատրաստ էին դամբարանը կեղծ գտնելու։ Այս դամբարանաբլրից երկու դամբարան արդեն կեղծ էին դուրս եկել, եւ կեղծի հավանականությունը, ճիշտ է, նվազել էր, բայց այս մեկն էլ կարող էր լինել։

Կեղծ` այդ մենք ենք հիմա ասում։ Դրանք ոչ միայն կեղծ չեն մտահղացվել, այլեւ մեռնելու անկեղծ խոստումով կառուցվել են վաղօրոք։ Այսինքն, մահվան մտասեւեռումը իրենից վանելու համար, մահվան շունչը իր տնից հեռու պահելու համար ունեւորը դամբարան էր կառուցում իր ու մերձավորների համար, որ պիտի նշանակեր, թե այս փուչ աշխարհում ապրելներս մի մեծ ուրախություն չի, իմացիր, եւ գիտենք, որ ճշմարիտ հանգիստ քո գրկում ենք գտնելու, հող երանելի, եւ ահա մեր ինքնակամ քայլը դեպի քեզ, ահա հավերժական մեր կացարանը` մեր ձեռքով կառուցած, բայց ինչ–ինչ կիսատ գործեր դեռ պահում են այստեղ, ներողամիտ եղիր, քանզի մեր կամքը մերը չէ, գիտես...»։ 

Վանո Սիրադեղյան, «Կեղծ դամբարաններ»

Վանոն հուղարկավորվեց Կոթիում։ 

Նրա երկար սպասված վերադարձը ավարտվեց այսպես` չվերադարձավ, չվերադարձրին` բերեցին` ուշացած, անփույթ, անկարգապահ, անպատշաճ։ Ինչպես միշտ` եղածը գիտակցվեց քչերի կողմից, մեծ մասը չհասկացավ կատարվածը, և ամոթը իրականություն դարձավ նորից։ 

Հայրենական հասարակությունը պահանջատեր է իղձական բաների համար, որոնց կյանքի կոչումն աշխատանք ու պայքար չի պահանջում և ունի երազական բնույթ ու վատ ավարտ` «տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Այսինքն, ինչպես, որ Վանոն էր բնորոշել. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»։ 

Պետական մտածելակերպը չաճեց հասարակության հավաքական գիտակցության մեջ և ժողովրդը մնաց զգացական մակարդակի վրա։ Ինչպես Վազգենի պարագայում, այնպես էլ Վանոյի դեպքում ինձ մի հարց է տանջում, որն ունի երկու բաղադրություն. ո՞նց եղավ որ այսպես ստացվեց և ի՞նչին գնացին այս երկու նվիրյալ հսկաների կյանքերը։ Ատլանտներ, որոնց ուսերին անվտանգ ու զորավոր հանգրվանում էր Անկախ Հայաստանի պետականությունը` առանց իրենց երկիրը զմփաց ու շարունակում է գլխակորույս գլուխկոնձին։ 

Հիշում եմ, երբ Վանոյի դեմ արդեն սկսվել էր արատավոր արշավը, և դրան մասնակից էին դարձել նաև գրողներ՝ Վանոյի հացը կերած, ձեռքից օգնություն ստացած գրչակներ, բան֊ման, մեր փայլուն Սամվելը (Մկրտչյան) պայքարում էր` բղավելով. «Եթե Վանո Սիրադեղյանը մեղավոր է, թող ապացուցեն եւ պատժեն, բայց որպես գրող ես պարտավոր եմ գրողին պաշտպանել բոլոր թափթփուկներից»։Բայց Սամվելն ու իր տեսակը փոքրամասնություն էին, այդպես է մեզ մոտ գրեթե միշտ եղել, իսկ հիմա դա էլ չկա։ Այժմ Հայաստանը կարծես կոմայի մեջ լինի։ 

Վանոն տվեց Հայաստանի դիագնոզը։

Շատերին թվում էր, թե դա միայն քոչարյանական տարիների դիպուկ ու խորը, ճշմարիտ ու ճշգրիտ վերլուծությունն էր, բայց Նիկոլի իշխանության գալուց ու «քսան֊քսանի» պատերազմից հետո բոլորին պարզ դարձավ, որ այն հայության կենսության ամբողջական և անփոփոխ պատկերի ինքնաոճ մատենագրությունն է։ Յուր մեծերին չգնահատելը, չպաշտպանելը, անտարբերության մատնելը գլխակերության զանգվածային դրսևորում է, որը սպառնում է նորանոր աղետների ի հայտ գալուն։ 

«Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ անում է առանձնակի դաժանությամբ»։  

2006 թ.-ի Վանոյի այս ասածը մշտական եղելություն է, և հայկականության բարդույթը ու դրան հաջորդող ողբերգության պատճառահետևանքային կապը երկու մաս ունի` հայը մոլագարորեն կուլ է տալիս իր երևելիներին` սա պատճառը, օգտվում են միջակությունները` սա հետևանքը։ 

Շակալի շառավիղը` թափանցելով իշխանության մեջ, ժամանակի ընթացքում այնքան բազմացավ, որ դարձավ բոլոր դասակարգերում որոշիչ գործոն` երկրին թելադրող։ Դրա համար պիտի առյուծին սպանեին, արծիվին հեռացնեին, ամեն մի լավ բանը հարամեին ու մուխաննաթության համաշխարհային ռեկորդները հաշված տարիների ընթացքում խփեին։ 

Էլի Վանոն է ասել. «...ա´յ թուրք ու քուրդ բեգերին՝ խոնարհ, բայց սեփական իշխանների գլխակեր ճորտի զավակներ...»։ 

Հայաստանում արդեն երկար ժամանակ տևում է չտեսի ու չունևորի սերնդի` ձևով համբալական ու էությամբ տիրադավ թունավոր մթնոլորտը։ Տուժեցինք մենք` շահեցին թշնամիները` ներքին ու արտաքին։ Բայց հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից` Վանոյի ասած. «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է» թեզից։ 

Եվ հայալեզու օտարները պիտի չեզոքացնեին հայկականի առողջն ու իրատեսականը, խեղեին բանականությունը, աղճատեին բարոյահոգեբանական պատկերը, վարկաբեկեին անկախության գաղափարը և նրա ազնվականությանը, պետության շահը ստորադասեին նյութական եսապաշտությանը, երկիրը դարձնեին առավփախավների քրչի բազար։ 

Քաղաքական գործիչների մի խումբ, մի քանի անհատ ու կուսակցություն և մտավորական Հայաստանում դավադրություն կազմակերպեցին, որը պայթեց և պետությունը արյունլվա արեց 1999թ. հոկտեմբերի 27֊ին` Վազգենի, Դեմիրճյանի և մյուսների հրապարակային սպանությամբ, շարունակվեց Սիրադեղյանի տարագրության կազմակերպմամբ, տրամաբանական կետին հասավ 2018թ. իշխանափոխությամբ և համազգային աղետի սահմանը հատեց 44֊օրյա պատերազմով ու պետության անկումով, զոհերով, տարածքների կորստով և փակվեց Վանոյի՝ օտարության մեջ վախճանով ու այսպիսի վերադարձ֊թաղումով։ Կանգնեց` շարունակվելու միտումով։ 

Ծիծաղելի է գաճաճների պայքարը հսկաների դեմ, որը մշտապես ավարտվում է լիլիպուտների պատմական պարտությամբ` պատմության զիբիլանոցում հայտնվելով։ 
Ազգերի կյանքում` վճռորոշ ժամանակներում, Տերը մարդկանց միջից ընտրյալների է հանում և ուղարկում առաջնորդելու ու փրկելու համար, բայց երբ որ ժողովուրդը սպանում ու ուրանում է իր առաջնորդին, մարգարեին Աստծո պատասխանը լինում է այսպես. «Վա՜յ ձեզ, որովհետև մարգարեների դամբարաններ եք շինում, մինչդեռ ձեր հայրերն սպանեցին նրանց։ Դրանով դուք վկայում եք, թե համաձայն եք ձեր հայրերի գործերին. նրանք սպանեցին մարգարեներին, իսկ դուք նրանց համար դամբարաններ եք շինում»։ Դրա համար Աստծու իմաստությունն ասում է. «Նրանց մոտ մարգարեներ և պատգամավորներ պիտի ուղարկեմ, և նրանցից ոմանց նրանք պիտի սպանեն և մյուսներին հալածեն»։

Հետևաբար, Աստված այս սերնդից պիտի առնի աշխարհի սկզբից ի վեր բոլոր մարգարեների թափված արյան վրեժը` Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որն սպանվեց տաճարի և զոհարանի միջև։ Այո՛, ասում եմ ձեզ, բոլոր ոճիրների պատիժն այս սերունդը պիտի կրի» ֊ Ղուկասի Ավետարան 11.47։51։ 

Ու հիմա Վանոն, ով «Գրականության արքայազն է» (Մաթևոսյան), «Շարժման ասպետն է» (Վազգեն), «Պետությունը պաշտպանող պատն է» (Այդին), «Անկախության կշռաչափն է» (ես եմ ասում) այդպես էլ հետ չեկավ, ում երկրային կյանքի այսպիսի ավարտը մեզ` իրեն փնտրողներիս ու սպասողներիս, դույզն ինչ չի բավարարում` հակառակը, ավելացնում է անհամակերպվածության զգացողությունը, մեծացնում է ճնշումը, բայց և առատացնում է սերն ու եռանդը։ 

Վանոն, ով հավերժորեն մնաց մեր սրտում, մտքում ու դրսում։ 

Հ. Գ. Արագացած այս ժամանակի մեջ իրար հաջորդող համազգային ու համապետական աղետների, կորուստների, անկումների, հոգևոր ու իմաստալից այս զրկանքների և նեղությունների շարքի չշարունակվելու համար անհատական և լայնածավալ ապաշխարություն է պետք` գիտակցում, զղջում, փոխհատուցում։ Այսինքն, մտածելակերպի փոփոխություն և վարքականոնի շտկում, էության վերանորոգում, բանականության և կամքի վերականգնում, հոգատարության մատուցում և արժեքների վերարժևորում։

Եվ այս ամենի կենտրոնում պիտի լինի նաև Վանոն, ով իր կյանքի լավագույն տարիները տվեց գրականության բարձրացմանը, պետության ստեղծմանն ու պահպանմանը, փոխհատուցեց բոլորի համար (Վազգենի հետ միասին) և անմահացավ մեզանից հեռու, բայց մեր մեջ հավերժ ապրելու միտումով։ Սա մեզ` մեղավորներիս է պետք, ոչ թե Հավերժի Ճամփորդին։ 

...գյուղի բլուրը` ոչ հեռու է, ոչ մոտիկ, ոչ արդար է, ոչ անարդար, ոչ իր տեղն և է... համենայնդեպս մի հանգրվան է որտեղ նրա տարագրությունն իր վերջը գտավ` կրկին չշարունակվելու վստահությամբ։ 

Վանոն Վերելք է և այլևս բացի աղոթքից ոչինչի կարիք չունի, որովհետև լույսը չի մնում փոսում, իսկ Ծանր լույսը մարդկանց ու երկիրն է ծածկում և եթե կյանքը ավարտվում է միայն գերեզմանոցում, ապա հավերժությունն էլ սկսվում է հատման հենց այս սահմանագծից 

Ամեն ինչ առջևում է` ավելի քան...

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս

--00--ԱԹ