Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և առաջիկայում նախատեսում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի գործունեության շրջանակներում զբաղվել պահեստազորում գտնվող ԱԱԾ սպաներին բացարձակապես անվճար քրեաիրավական ուղղությամբ փաստաբանական ծառայությունների մատուցմամբ, որի հետ կապված մեր աշխատակիցները կարող են դիմել ՀԿ-ի գրասենյակ (ընդունելության օրերի և ժամերի մասին լրացուցիչ կտեղեկացվի):

Իսկապես դժվար է տևական ժամանակ ԱԱԾ համակարգում բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, ունենալով փորձ և մասնագիտական լուրջ պատրաստվածություն, ընդամենը 49 տարեկանում, երբ առկա են բոլոր հնարավորություններն աշխատանքային գործունեությունը և ծառայողական վերելքը շարունակելու համար, զուտ երկրի խնդիրներով մտահոգված, առանց որևէ պարտադրանքի ինքնակամ հրաժարական տալ, այս բարդ ներքաղակական իրավիճակում զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ, մարդկանց ներկայացնել եղելությունը, խոսել հանրությանը մտահոգող խնդիրներից, այդ ամենին զուգընթաց չվարանելով և չկաշկանդվելով, կրկին վերադառնալ ուսանողի (ունկնդրի) կարգավիճակին, սովորել և ավարտել փաստաբանական դպրոցը:

Կարիերայում նման կտրուկ շրջադարձ կատարելու և վարքագիծ դրսևորելու համար անձը հիրավի պետք է օժտված լինի սկզբունքային, կամային ուժեղ և, իհարկե, մարդկային հատկանիշերով: Մեր գործընկերոջը մաղթում են հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում»:

--00--ԱՀ