Գնել Սանոսյանը առցանց ձևաչափով մասնակցել է «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին։

Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։

Նախարարի խոսքով՝ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է 2 երկրների միջև առկա և շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին: «ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից առ այսօր: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվում էներգետիկ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին և տեխնիկական խնդիրների լուծմանը, շուկայի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»,-ասել է նախարարը:

Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառին առնչվող բոլոր որոշումների կայացման, հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման, ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրման և հիմնական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է 2021թ. հունվարի 14-ին ընդունված ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում ներկայացված էներգետիկայի բնագավառի զարգացման տեսլականը` ըստ որի էներգետիկան պետք է լինի հուսալի և անվտանգ, կայուն զարգացող/մաքուր և էներգախնայող, կանխատեսելի և թափանցիկ, տարածաշրջանային նշանակության, հասանելի և արդարացի բոլորի համար, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար՝ թվայնացված և ինովացիոն:

Իր ելույթում նախարարը նշել է, որ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ը կենսական հնարավորություն է քննարկելու կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի փոփոխության մարտահրավերները, քննարկելու լավագույն փորձը, կանաչ տեխնոլոգիաների նորարարական լուծումները, կիսելու գիտելիքները:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին կարևորել է նախարարի մասնակցությունը ֆորումին և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում էներգիայի դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման համար։

--00--ԱՀ

Տեսանյութեր