Փալոնը կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրառել Ադրբեջանի նախագահի ագրեսիվ պահվածքը զսպելու համար

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

Փալոն

 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ  Ալիևն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռնության սպառնալիքներ հնչեցնելու համար:

«Նա չարամիտ դերակատար է, ով ակնհայտորեն շահագրգռված չէ բանակցային խաղաղության մեջ»,- իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը:

Փալոնը, դիմելով ԱՄՆ պետական դեպարտամենտին և աշխարհի մյուս առաջնորդներին, կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրառել և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի նման պահվածքը զսպելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանին ուղղված  պահանջներով և սպառնալիքներով: Հայաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 7-ին հայտարարություն էր տարածել և արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը հանդես էր եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: ՀՀ ԱԳՆ շեշտել էր, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին:

  --00—ՄՀ

Տեսանյութեր