Դժվար է ասել` սուտը սատանայի՞ց է դուրս եկել, թե՞ Նիկոլից. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արտակ զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` արձագանքելով ՀՀ վարչապետի` խորհրդարանում հնչեցրած մի շարք հայտարարությունների:

«21-րդ դարի միակ կապիտուլյանտն այսօր, ինչպես միշտ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը վերածեց ոտքի վրա հորինվող ստախոսության: Սատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը: Հիմա նույնիսկ դժվար է ասել, սուտը սատանայից է դուրս եկել, թե Նիկոլից:

Իմիջիայլոց, Նիկոլին լուսաբանող լրատվամիջոցները, հետագայում կարող են մեղադրվել միտումնավոր կեղծ լուրերի բազմակի տարածման մեջ:

Պատգամավոր Ռուստամյանի հարցին ի պատասխան ստեց, թե բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործում, բայց Արաքսի հովիտի արյունով պահված տարածքների որոշ մասը, հանձնել է ադրբեջանական կողմի հետ ունեցած բանավոր ըմբռնման հիման վրա:

Պատգամավոր Աբրահամյանի հարցին ի պատասխան ստեց, թե Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիան օրակարգ բերելու հարցը գաղտնիքներ է պարունակում և նպատակահարմար չէ բարձրաձայնել: Այնինչ ադրբեջանական օկուպացիան արդեն հասել է Հայաստանի սուվերեն տարածքներին:

Պատգամավոր Ղազինյանի հարցին, թե նոր պատերազմը թույլ չտալու համար պատրա՞ստ է հրաժարվելու պաշտոնից, հարցին պատասխանելու փոխարեն, առանց ամաչելու, որ ինքն այս դժբախտ երկրի վարչապետն է, կրկին ստեց, ասելով, թե Հայաստանում կան ադրբեջանական ցանցեր և Ղազինյանը ադրբեջանական նարատիվներ տարածողներից է: Նախ, կապիտուլյանտից լավ ադրբեջանական փաստաբան Հայաստանում դժվար թե գտնվի: Իսկ եթե դրանք նույնիսկ կան, և կապիտուլյանտը գիտի, ապա ինչո՞ւ չեն մինչև հիմա բացահայտվել՝ իրենց հետևանքներով:

Պատգամավոր Մկրտչյանի հարցին պատասխանելու փոխարեն, կապիտուլյանտը կեղծ հարցադրում արեց, իբր դուք հիմա ուզում եք միջանցք լինի՞, թե՞ չլինի: Հետո ստեց, թե պատգամավորի քաղաքական թիմի ղեկավարությունը իբր դրսից է SMS-ներ ստանում՝ անտեսելով, որ ՀՀԿ-ն Հայաստանի այն հազվագյուտ քաղաքական ուժերից է, որը արտաքին աշխարհի հետ համագործակցում է միայն ի շահ Հայաստանի և ոչ թե հակառակը՝ ինչպես ՔՊ կոչվող հավաքածուն է: Եթե ՀՀԿ-ն դրսից SMS-ներ ստացող լիներ, 2018թ. իշխանափոխությունը չէր լինի:

Այսպես տարիներ շարունակ նիկոլական սուտը տեղ գտավ Հայաստանում, փաթաթվեց Հայաստանի վզին, խեղդեց Արցախը, քանդեց բանակը, թունավորեց ու խառնակչություն մտցրեց հայ հասարակության մեջ ու վեր բարձրացավ դեպի իշխանություն:

Միայն այսօրվա հարց ու պատասխանը բավարար էր, որ Հայաստանին ոչ ոք աշխարհում լուրջ չվերաբերվի: Եթե դու քեզ «ընտրած» Ազգային Ժողովին՝ այսինքն քո ժողովրդի ներկայացուցչական մարմնին ես ստում, բա էլ ու՞մ շահերն ես ներկայացնում այդ դեպքում»:

--00--ԱԹ