Քաղաքացին պնդում է, որ պարեկային ծառայությունն ապօրինություն է թույլ տվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական
24News-ին քաղաքացի Կարեն Խաչատրյանից նամակ է փոխանցվել այն մասին, որ ոստիկանությունում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք։

Խաչատրյանն իր փոխանցած նամակում նշել է, որ ս․թ․ հուլիսի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության տեսուչներ՝ Ռոման Ալոյանը, Անդրանիկ Տիգրանյանը և նրանց վաշտի հրամանատար Արտակ Զաքարյանը Սայաթ-Նովա փողոցի վրայից իր մեքենան ապօրինաբար տեղափոխել են տուգանային հրապարակ, իրեն ենթարկել են շանտաժների և կազմել են 2 ապօրինի արձանագրություն՝ մեկը 20 հազար, իսկ մյուսը 25 հազար ՀՀ դրամի չափով։

Քաղաքացին գրել է, որ արձանագրությունները չի վերցրել, իսկ մինչև սեպտեմբերի 14-ը չի տեղակացվել նրանց հետագա ընթացքի մասին։ «Ս․թ․ սեպտեմբերի 14-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ նշելով այս ամենի մասին։ Ս․թ․ սեպտեմբերի 30-ին ստացել եմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Ա․ Ումրշատյանի թիվ 91/1330 գրությունը 22․09․2021 թվագրմամբ, որտեղ նշված էր՝ ս․թ․ օգոստոսի 25-ին իմ մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, իսկ նշված արձանագրությունները կարող եմ ստանալ ՊԾ վարչական գործունեության գրասենյակից», - նշված է նամակում։

Խաչատրյանը նշել է, որ Ումրշատյանը պաշտոնեական փաստաթղթում կեղծ տեղեկություն է մտցրել, ենթակաների գործողությունների օրը նշել օգոստոսի 25-ը՝ կատարելով թվական գրառումների փոփոխություն։ Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել պարեկային ծառայության պետին պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դեպքի հետ կապված 24News-ը հարցմամբ դիմել է ոստիկանության լրատվական ծառայությանը։ 

Ոստիկանությունից պատասխանել են, որ ըստ ոստիկանության ներքին անվտանգության վարչության տրամադրած տեղեկատվության՝ քաղաքացի Կարեն Խաչատրյանի ավտոմեքենան ՀՀ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվել է 2021 թ. հուլիսի 25-ին՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությամբ. այն է՝ «երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը»։

«Պարեկային ծառայողներ Ռոման Ալոյանը և Անդրանիկ Տիգրանյանը, իրացնելով իրենց ծառայողական լիազորությունները, օրենքով սահմանված կարգով արձանագրել են Կարեն Խաչատրյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը և կայացրել են համապատասխան որոշում, իսկ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը պարզաբանել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները», - ասված է իրավապահ գերատեսչության պատասխանի մեջ։

Ինչ վերաբերում է ոստիկանության պարեկային ծառայության պետի կողմից Կարեն Խաչատրյանին հասցեգրված 2021 թ. սեպտեմբերի 22-ի թիվ 91/1330 գրությունում կեղծ տեղեկություն զետեղելու հանգամանքին, ապա ոստիկանությունը հայտնել է. «Կատարված ստուգմամբ պարզվել է, որ գրությունում համակարգչային խնդրի պատճառով թույլ է տրվել վրիպակ և «25.07.2021 թ.» ամսաթվի փոխարեն տպագրվել է «25.08.2021 թ.» ամսաթիվը»։