Հեքիմյանը ԵՊՀ նորընտիր ռեկտորի ենթադրյալ գրագողության հարցով պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Երեկ Կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, լինելով միակ թեկնածուն, ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր։

Իշխող ուժը ներկայացնող թեկնածուն երկար ժամանակ մեղադրվում է գրագողություն անելու մեջ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրա դոկտորական ատենախոսությանը («Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դարի II կես V դարի I քառորդ)» վերտառությամբ), որի պաշտպանությունը տեղի է ունեցել դեռևս 2020 թվականի փետրվարի 5-ին։ Պաշտպանելով ատենախոսությունը՝ Հովհաննիսյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ ԵՊՀ նորընտիր ռեկտորը հերքում է գրագողություն անելու փաստը։ 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, ով այս հարցով դիմել էր Բարձրագույն որակավորման կոմիտե և այնուհետեւ դատարան, 24News-ի հետ զրույցում ասաց, որ հարցը հասնելու է Վարչական վճռաբեկ դատարան։ «Ես հայտնաբերել էի, որ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական թեզում առկա են գրագողության առերևույթ մի շարք փաստեր։ Գրագողությունն, ըստ երևույթին, կատարված էր աստվածաբան Ավետիս Քալաշյանի աշխատություններից։ Մի խոսքով, հայտնաբերեցի, դիմեցի Բարձրագույն որակավորման կոմիտե, օգոստոս ամիսն էր։ ԲՈԿ-ից մի շատ զավեշտակի պատասխան ստացա, ըստ որի՝ փաստորեն ես պետք է պաշտպանության օրը գնայի այդ դիսերտացիայի պաշտպանության վայր ու տեղում իմ դիտողություններն անեի, եթե չեմ արել, ուրեմն վերջ։ Դա մոտավորապես նույնն է, օրինակ՝ մարդը գողություն է անում, եթե գողության տեղում չի բռնվում, վերջ, արդեն կարող է հանգիստ իր գործը շարունակել», - նշեց նա։

Հեքիմյանը հետո ընդդեմ ԲՈԿ-ի դիմել է վարչական դատարան։ «Դատարանով փորձեցի պահանջել, որ ԲՈԿ-ը գրագողության հետ կապված իմ դիմումն ընդունի վարույթ, ըստ այդմ՝ լսումներ կազմակերպի, ի վերջո պարզենք՝ գրագողություն կա՞, թե՝ չկա։ Վարչական դատարանը հայցադիմումս ընդունելը մերժեց՝ պատճառաբանելով, որ պետք է պաշտպանության օրը գնայի, և արդյոք ես շահագրգիռ անձ եմ։ Թե ո՞րն է այդ շահագրգռվածությունը, ես այդպես էլ չհասկացա»։ 

Հետո դիմել է Վերաքննիչ դատարան, ու 2-3 օր առաջ զանգելով տեղեկացել, որ Վերաքննիչը առաջին ատյանի վարչական դատարանի՝ հայցադիմումը չընդունելու մասին որոշումը թողել է անփոփոխ, հայցադիմումը չի ընդունել վարույթ։ Հետագա գործողությունների վերաբերյալ Հեքիմյանն ասաց, որ կանցնի երկրում հնարավորին բոլոր ատյաններով։ «Վճռաբեկ դեռ չեմ դիմել, որովհետեւ չեմ ստացել Վերաքննիչի որոշումը։ Կդիմեմ, տեսնենք՝ ինչ կլինի», - եզրափակեց ՔԻՊ ՀԿ ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ երեկ Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ ձայների համամասնությամբ։ 

Ռեկտորի ընտրության նիստին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ով նոյեմբերի 6-ին ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նախքան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք մտնելը, որտեղ պետք է տեղի ունենար ռեկտորի ընտրության նիստը, Պապիկյանին հաջողվեց հարց ուղղել։ 24News-ի դիտարկմանը, որ «ժամանակին պայքարում էիք բուհերի կուսակցականության դեմ, հիմա կարծես թե այդ ճանապարհով եք գնում, ի՞նչ կասեք», Պապիկյանը պատասխանեց. «Կասեմ, որ այդ ճանապարհով չենք գնում»։ 

Նիստից հետո Պաշտպանության նախարարն արագորեն լքեց ԵՊՀ-ն՝ խուսափելով լրագրողների հարցերից։