Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Ըստ ծանուցման՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։ Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։ Նունե Նիկոլյանին, Հրանտ Բեգլարյանին և Նատելլա Բեգլարյանին պատկանող գույքերը, ըստ դատախազության, հանդիսանում են բռնագանձման ենթակա։

2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.4 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու և քաղաքապետ եղած ժամանակվա իր համապատասխան որոշումներով Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23 միլիոն դրամով օտարել էր սեփական որդուն՝ Հրանտ Բեգլարյանին։ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ այս տարվա մայիսին նա վերադարձել էր ՀՀ՝ դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցելով պատճառված վնասը։ Եվս 50 միլիոն դրամ Բեգլարյանը վճարել էր խափանման միջոց գրավի համար։

--00--ԿԿ