Առաջիկա 2 ամսվա ընթացքում Omicron-ը կլինի Եվրոպական տարածաշրջանում վիրուսի առավել տարածված տեսակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Օմիկրոն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի և Omicron-ի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Եվ այսպես`

1. COVID-19 պատվաստումներ

Դեկտեմբերի 20-ի դրությամբ, 184 երկրներում ներարկվել է ավելի քան 8.71 միլիարդ դեղաչափ (օրական շուրջ 40.1 միլիոն, ընթացիկ տեմպի պահպանման պայմաններում կպահանջի ևս 4 ամիս, մոլորակի բնակչությանը պատվաստումների 75% ծածկույթ ապահովելու համար: Սակայն, ներկայում արձանագրվում է պատվաստումների գործընթացի խիստ արտահայտված անհավասարություն՝ բարձր և ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչների միջև, բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընթանում են 10 անգամ ավելի արագ:

2021 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ SARS-CoV-2 Omicron VOC-ի 3158 (+529 մեկ օրում) հաստատված դեպք է գրանցվել ԵՄ 27 երկրներում: ԵՄ տարածքից դուրս ավելի քան 85 երկրներում հայտնաբերվել է 15778 SARS-CoV-2 Omicron VOC-ի դեպք:

Բոլոր դեպքերը, որոնց ծանրության վերաբերյալ առկա են տեղեկություններ ԵՄ 27 երկրներում, եղել են կամ ասիմպտոմատիկ կամ թեթև: 2021 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ տվյալ դեպքերից ծանր և մահվան դեպքեր ԵՄ երկրներում չեն գրանցվել։

Ըստ ԵՄ ՀՎԿԱԿ-ի առաջիկա 2 ամսվա ընթացքում Omicron-ը կլինի Եվրոպական տարածաշրջանում վիրուսի առավել տարածված տեսակը, որն ըստ նախնական գնահատականների առավել արագ է տարածվում քան Դելտան, սակայն կարող է ընթանալ ավելի թեթև՝ ավելի հազվադեպ հանգեցնել թոքերի ախտահարմանը: Այնուամենայնիվ, ի հաշիվ սպասվող դեպքերի ավելի մեծ թվի, առկա է առողջապահության համակարգի գերծանրաբեռնվածության վտանգ, այդ պատճառով խորհուրդ է տրվում խթանիչ 3-րդ պատվաստում, ինչպես նաև ոչ դեղորայքային միջամտությունների կիրառում ԵՄ երկրներում:

Պատվաստումների ռազմավարությունները ԵՄ երկրներում.

• 12-17 տարեկաններ՝ ԵՄ 30 երկիր խորհուրդ է տալիս դեռահասների պատվաստումը

• Հղիների առաջնակի պատվաստում՝ 28 պետություն խորհուրդ է տալիս հղիների պատվաստումը, այդ թվում 9 երկիր հղիության առաջին եռամսյակից հետո: 19 երկրում խորհուրդ է տրվում mRNA պատվաստանյութերով

• Նախկինում Կովիդ-19 վարակված անձիք՝ 13 երկիր խորհուրդ է տալիս ամբողջական 2 դեղաչափով պատվաստում, 14 երկիր՝ մեկ

• Լրացուցիչ և խթանիչ դեղաչափեր՝ խթանիչ դեղաչափը նախատեսված է նորմալ իմունային համակարգ ունեցող և առաջին պատվաստման հետևանքով բավարար իմունային արձագանք ունեցող անձանց համար 6 ամսի անց, իսկ լրացուցիչը՝ թուլացած իմունային համակարգ ունեցող և առաջին պատվաստման ընթացքում բավարար իմունային արձագանք չդրսևորած անձանց համար երկրոդր դեղաչափը ստանալուց առնվազն 28 օր անց:

• Պարտադիր պատվաստումներ՝ 5 երկրներում (Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա և Լատվիա) պատվաստումները պարտադիր են բուժաշխատողների և երկարատև խնամք ապահովող հաստատություններում աշխատողների համար:

• Պատվաստումների սերտիֆիկատներ՝ ժամանցային վայրեր մուտք գործելիս սերտիֆիկատ է պահանջվում ԵՄ շուրջ 20 երկրում:

ԵՄ երկրներում իրականացվել է 698.4 մլն պատվաստում: Ամբողջ բնակչության շուրջ 71.5% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 67.3%-ը երկրորդ: Ամբողջությամբ պատվաստված բնակչության տեսակարար կշռով առաջատար են Դանիան՝ 82.5%, Պորտուգալիան՝ 82.1%, Իրլանդիան՝ 76.8%, Բելգիա՝ 75.8%, Իսպանիան՝ 74.7%, Ֆինլանդիա՝ 74.1% այլն:

Առավել քիչ պատվաստված բնակչություն ունեցող երկրներից են Բուլղարիան՝ 26.7%, Ռումինիան՝ 39.6%, Սլովակիան՝ 47.0%, և Խորվաթիան՝ 50.4% և Լեհաստանը՝ 54.8%, Սլովենիա՝ 55.8%:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.546.631 պատվաստում (5%-ով պակաս 12.12.2021թ.-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 903.661 (հավասար 12.12.2021թ.-ի ցուցանիշի հետ), երկրորդ դեղաչափ` 642.971 (8%-ով պակաս 12.12.2021թ.-ի ցուցանիշից), որը կազմում է ամբողջ բնակչության 21.6%:

Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 94.257 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 13.465: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 36%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 64%՝ 2-րդ:

1. COVID-19 Հայաստանում

20.12.2021թ․ ժամը 11։00-ի դրությամբ՝

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 343.708

Առողջացածներ՝ 328.799

Փաստացի բուժվողներ՝ 5513 ( - 298 մեկ օրում)

Մահվան ելքեր՝ 7903 (4 մեկ օրում)

Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1493 (2 մեկ օրում)

Մեկ օրում իրականացվել է 4897 թեստավորում, որից դրական են եղել 72-ը (1.5%)

Effective Reproduction Rate` շուրջ 0.58 (0.09)

Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 139.655 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4099 մահ (մահվան դեպքերի շուրջ 52%):

Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70:

--00--ԱԹ